Հեռախոսազրույց Պուտինի և Էրդողանի միջև

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների համատեղ ասուլիսը Ստամբուլում, 10-ը հոկտեմբերի, 2016թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Նախագահական աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն` երկու առաջնորդները խոսել են Սիրիայում և Իրաքում վերջին զարգացումների մասին, մտքեր փոխանակել ահաբեկչության դեմ պայքարի խնդրի շուրջ: Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Թուրքիային «Սիրիայում «Իսլամական պետության» դեմ հաջող պայքար տանելու առիթով»:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Հալեպում բախումները դադարեցնելու և քաղաքին մարդասիրական օգնություն հասցնելու հարցը:

Նախագահներն ընդգծել են երկու երկրների միջև բոլոր բնագավառներում, մասնավորապես՝ առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության ընդլայնման վճռականությունը: