Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ։ Այդ մասին ասաց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, «Ազատության» խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հետ հարցազրույցում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները։
«Հենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով», - ընդգծեց Բալայանը:
«Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունը ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարը արդեն հրապարակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - հայտարարեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը: