ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովի արդյունքները ամփոփող մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այլ հարցերի շարքում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը, հետխորհրդային երկրների, մասնավորապես՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների հարաբերություններին:
Ընդգծելով, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին վտանգները չեզոքացնելու նպատակով, Պուտինն ասել է․ - «Իհարկե, մենք պետք է ինչ-որ կերպ արձագանքենք նաև նրան, ինչ տեղի է ունենում մեր կողքին, բայց պետք է ձգտենք, որպեսզի անցյալից մեզ հասած բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով և փոխզիջումների հիմքի վրա, որին պատրաստ կլինեն գնալու թե՛ այս, թե՛ մյուս կողմերը: Այդ համատեքստում մենք քննարկել ենք և՛ Ղարաբաղի հակամարտությունը, և՛ մյուսները»:
Ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Պուտինը նաև ասել է․ - «Մեզ համար նույնիսկ կարևոր չէ՝ նախկին միության այս կամ այն երկիրը մտնո՞ւմ է ՀԱՊԿ-ի մեջ, թե չի մտնում: Մեզ համար կարևոր է, որ մենք այդ բոլոր երկրների հետ ունենք հատուկ, պատմականորեն ձևավորված հարաբերություններ, որոնք շատ ավելի սերտ և խորն են, քան ՆԱՏՕ-ի անդամ երկրների հարաբերություններն են: Մենք չենք կարող սա հաշվի չառնել»:
Պուտինն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև նույնպես խնդիրներ են առաջանում և որպես օրինակ մատնանշել է Թուրքիայի և Հունաստանի միջև հակամարտությունը Կիպրոսի խնդրի պատճառով: - «Հայտնի է, որ այդպիսի խնդիրները տարիներով, եթե ոչ տասնամյակներով ձգձգվում են», - ասել է Ռուսաստանի նախագահը: