«Հանուն օրենքի» շարժումը պահանջում է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը

«Հանուն օրենքի» շարժումը պահանջում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը՝ պնդելով, որ վերջինս հակահայկական դիրքրոշում ունի։

Շարժման անդամներն այսօր բողոքի ակցիա անցկացրեցին ԵԽԽՎ երևանյան գրասենյակի դիմաց՝ դատապարտելով հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահի պահվածքը հայկական պատվիրակության անդամների նկատմամբ։

Շարժումը հիշեցնում է, որ ազատ քննարկման ժամանակ Պեդրո Արգամունտն անջատել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի և Նաիրա Զոհրաբյանի խոսափողները, երբ վերջիններս, ըստ ցուցարարների, փաստում էին ԵԽԽՎ-ի կողմնակալություն և կաշառված լինելը։

«Այսպիսով ոտնահարվել են հայկական պատվիրակության իրավունքները և խոսքի ազատությունը», - հայտարարում են «Հանուն օրենքի» շարժման անդամները։

Ի նշան բողոքի երիտասարդները ԵԽԽՎ երևանյան գրասենյակի ներկայացուցչին հանձնեցին պահանջագիր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարով ԱՄՆ դոլարներ:

Հարցին, թե ինչո՞ւ հենց Ադրբեջանի նախագահի նկարով դոլարներ հանձնեցին գրասենյակ, շարժման համակարգող խորհրդի անդամ Ծովինար Կոստանյանը պատասխանեց. - «Ինչ Պեդրո Ագրամունտ դարձել է ԵԽԽՎ նախագահ, նա ակնհայտ պրոադրբեջանական քարոզչություն է վարում։ Նա բազմիցս եղել է Բաքվում, որտեղից հանդես է եկել տարաբնույթ հայտարարություններով, որոնք բոլորը պրոադրբեջանական էին։ Եվ պետք է շատ միամիտ լինել, որպեսզի չհասկանալ, որ նա վաճառվել է Ադրբեջանին»։

Մանրամասներն՝ ավելի ուշ