Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավար Ջոն Քերրին երեկ հայտարարել է, որ ի պատասխան Սիրիայում Ռուսաստանի գործողությունների, Միացյալ Նահանգները մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։
Քերրիի խոսքով, նոր պատժամիջոցների մասին կհայտարարվի առաջիկա օրերին։
Ավելի վաղ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին էր ասվում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարների՝ Բորիս Ջոնսոնի և Ջոն Քերրիի համատեղ հայտարարությունում։
Սիրիական կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը, հիշեցնենք, կայացել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, Շվեյցարիայի Լոզան քաղաքում և որևէ էական արդյունքի չի հանգեցրել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Լոզանում մի քանի ժամ տևած բանակցություններից հետո որևէ հայտարարությամբ այդպես էլ հանդես չեն եկել։
Բանակցությունների ավարտին Ջոն Քերրին միայն նշել է․ - «Լոզանում կայացած հանդիպման հիմնական նպատակը Սիրիայում ստեղծված կացությունից դուրս գալուն ուղղված նոր մոտեցումների ձևակերպումն էր»:
Ըստ արևմտյան մամուլի, Շվեյցարիայում կայացած Լավրով-Քերրի հերթական բանակցությունները, ըստ էության, տապալվել են, ինչին էլ հետևել է Քերրիի հայտարարությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։