Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած, հատուկ չվերթով Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիներին օդանավակայանում դիմավորողների թվում նաև շտապբուժօգնության բրիգադներն էին, ովքեր մարմնական տարբեր վնասվածքներ ունեցողներին հորդորում էին հիվանդանոցում ևս մեկ անգամ հետազոտություն անցնել։
Ժամանածներից 11-ը հոսպիտացվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ, ինչպես Ֆեյսբուքում գրել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, տնօրենի և փոխտնօրենի գլխավորությամբ ներկա էին բոլոր բաժանմունքների վարիչները, նեղ մասնագետները։
Տուժածները տեղավորվել են շտապբուժօգնության հետազոտման սենյակում, որտեղ էլ հենց կատարվել են ռենտգեն և սոնոգրաֆիական հետազոտությունները։
Ընդունվելուց մի քանի ժամ անց, մասնագիտական անհրաժեշտ խորհրդատվություն և բուժօգնություն ստանալուց հետո, հիվանդանոցային բուժման կարիք չունեցողներն սկսել են դուրս գրվել։
«Այս պահի դրությամբ բոլորը դուրս են գրվել։ Նրանց հետագա հսկողությունը կիրականացվի ամբուլատոր պայմաններում՝ ըստ բնակավայրերի», - նշում է Հայթայանը:
Մամուլի քարտուղարն ընդգծում է, որ տուժածների տեղափոխումը և բուժօգնության կազմակերպումը առողջապահության նախարարության և նախարարի ուշադրության ներքո էր:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Երևան տեղափոխված բոլոր վիրավորները Վլադիկավկազի հիվանդանոցներում ստացել էին անհրաժեշտ բժշկական օգնություն: