Նորընտիր քաղաքապետը Վաչագան Ադունցը չի հերքում, որ իր ընտանիքին պատկանող ընկերությունն է զբաղվում իր ղեկավարած կառույցի վերանորոգմամբ։
Այդուհանդերձ, քաղաքապետարանի խոսնակ Արև Աբելյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե Ադունցներից որևէ մեկը բաժնեմաս չունի ընկերությունում․ - «Պարոն Ադունցը այս պահին միայն «Ավա բիլդինգի» հիմնադիրն է: Նրա ընտանիքի անդամները ոչ մեկը բաժնետեր չեն: Այսքանից ավել ոչ մի բան իրավասու չեմ տեղեկատվություն տրամադրել»:
«Ավա» բիլդինգ ընկերությունը Գորիսի քաղաքապետարանի շենքի վերանորոգումն իրականացնելու համար մոտ 34.5 մլն դրամ է ստացել համայնքային բյուջեից: Ընկերությունը 2015 թվականի հունվարի 1-ից տնօրինում է Վարդուհի Փարսադանյանը, ով վերջերս վերընտրված քաղաքապետի կինն է։
Վաչագան Ադունցը ընկերության հիմնադիրն է և այն տնօրինել է մինչև 2014 թվականի օգոստոսը։ Ավելին, ըստ պետռեգիստրի տվյալների, ընկերությունը գրանցված է հենց Ադունցների տան հասցեում։
Գորիսի քաղաքապետարանից վստահեցրեցին, թե շինարարության համար անցկացված մրցույթը տեղի է ունեցել օրենքի տառին համապատասխան․ - «Երկու անգամ է մրցույթը հայտարարվել: Առաջին անգամ ոչ ոք չի դիմել, երկրորդ անգամ դիմել է միայն «Ավա բիլդինգը»: Առաջին փուլը «Ավա բիլդինգի» կողմից չի իրականացվել: Միայն երկրորդ փուլն է իրականացվում «Ավա բիլդինգի» կողմից: Ինչ վերաբերում է, թե որքանով էր անհրաժեշտ քաղաքապետարանի շենքի վերանորոգում, պետք է ուղղակի մի անգամ տեսնել, թե ինչ պայմաններում են այսօր ծառայություններ մատուցում աշխատակիցները»:
Մինչդեռ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյան «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գնումների ոլորտում այս երևույթը Հայաստանի մարզերում բավականին տարածված է․ - «Մոնոպոլիաները, օլիգոպոլիաները ընդհանուր տնտեսական համակարգի հիմնական գործող անձինք են: Դժվար է ակնկալել, որ գնումների համակարգում ինչ-որ բաներ կլինեն․․․ Ուղղակի գնումների համակարգը բարեփոխելով չի, որ հնարավոր կլինի դրանից խուսափել»:
Հոկտանյանի խոսքով՝ մեկ անձից իրականացված գնումները բարձր տոկոս են կազմում Հայաստանում։ Նա հիշեցրեց վերջին շրջանում կենտրոնի կողմից արված որոշ ուսումնասիրությունների արդյունքներ, երբ նման դեպքեր էին հայտնաբերվել Արագածոտնի և Լոռու մարզերում, ապրիլյան պատերազմից հետո՝ Պաշտպանության նախարարության կառույցներում և այլն։
«Եթե կա քաղաքական կամք, շատ էդպիսի բաներ կհայտնաբերեն: Մեկ-երկու քաղաքապետով հարցը չի ավարտվի», - հավելեց Հոկտանյանը:
Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանն այս հարցով պարզաբանում է հրապարակել մարզպետարանի պաշտոնական կայքում․ - «Գործընթացի ուսումնասիրության արդյունքում խախտումներ հայտնաբերվելու դեպքում խնդիրը կներկայացվի իրավասու մարմիններին»: