Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցել է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի կապակցությամբ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Բեսլան-Վլադիկավկազ մայրուղու վրա Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսի վթարի հետևանքով զոհված հայորդիների ընտանիքներին, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Խորապես ցավում ենք կատարվածի առնչությամբ և աղոթում վթարի զոհ դարձած մեր զավակների համար: Դժվարին այս պահին Սուրբ Հոգու մխիթարությունն ենք հայցում և մեր զորակցությունը բերում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Նաև շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին», - ասված է Հայրապետական ցավակցագրում:

Վեհափառի կողմից հանձնարարական է տրվել Հարավային Ռուսաստանի Հայոց թեմին` անհրաժեշտ հոգևոր խնամք և աջակցություն ցուցաբերել վթարից տուժածներին և նրանց ընտանիքներին: