Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ վթարի ենթարկված ավտոբուսի սեփականատերը Կարեն Պողոսյանն է։
«Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող «Մերսեդես» մակնիշի 50AA515 համարանիշով ավտոբուսի սեփականատերը Կարեն Պողոսյանն է։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների երթուղիների կազմակերպումը, ավտոտրանսպորտային միջոցների ընտրությունը, դրանց շարժման արագությունների նորմավորումը և չվացուցակների կազմումն իրականացնում է փոխադրողը: Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների պատվերների ձևակերպումը և փոխադրումների կազմակերպումն ու սպասարկման ռեժիմը յուրաքանչյուր դեպքում սահմանվում են պատվիրատուի և փոխադրողի համաձայնությամբ և իրականացվում են փոխադրավարձի վճարման անդորրագրի հիման վրա», - փոխանցում է նախարարությունը՝ նշելով, որ ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների իրականացման ընթացքում ուղևորների և փոխադրողների հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի օրենսդրությամբ և պայմանագրով: