Այսօր Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, նստաշրջանում կքննարկվեն ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի կողմից առաջադրված առաջնահերթությունները:
Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում կքննարկվեն միջազգային իրավիճակը և հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցեր, կդիտարկվեն մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:
Նախատեսվում է մի շարք քաղաքական հայտարարությունների ընդունում:
Նկատի առնելով, որ 2016-2017թթ. ՀԱՊԿ-ում նախագահությունը կստանձնի Բելառուսը, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի Բելառուսի առաջնահերթությունները, որոնք նախատեսվում է իրականացնել նրա նախագահության շրջանում՝ նստաշրջանների միջև ընկած հաջորդ ժամանակահատվածում:
Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի շրջանակներում նախատեսվում է նաև Կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, զինվորական կադրերի պատրաստման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման համակարգի զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում:
Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում կկայացնեն Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ:
Գագաթնաժողովին նախատեսվում է ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների նախագահների մասնակցությունը՝ բացի Ղազախստանի նախագահից, որը, հիշեցնենք, հիվանդության պատճառով չեղյալ հայտարարեց այս օրերին ծրագրված իր այցերը Ադրբեջան և Հայաստան:
Այսօր ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ, Հայաստանի արտգործնախարարությունում անցկացվում է կազմակերպության Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նիստը կմեկնարկի նեղ կազմով, ապա կշարունակվի պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպմանը նախատեսված է փաստաթղթերի ստորագրում: