Ամերիկացի երգիչ և բանաստեղծ Բոբ Դիլանը ստացել է գրականության բնագավառում 2016 թվականի Նոբելյան մրցանակը:
Նոբելյան կոմիտեի հայտարարության համաձայն՝ «մրցանակը տրվել է մեծ ավանդույթներ ունեցող ամերիկյան երգարվեստում պոետիկ նոր արտահայտչականություն ստեղծելու համար»:
«Այս արվեստում Դիլանը 54 տարի շարունակ ինքն իրեն վերակերտում է, Դիլանը ամեն անգամ նորովի ներկայանալու մեծագույն օրինակն է», - այսօր ասել է Շվեդիայի ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը:
Որպես օրինակ Դանիուսը նշել է Բոբ Դիլանի Blonde on Blonde ալբոմը, «որին հատուկ են շքեղ հանգավորման ու կրկներգի ներդաշնակությունը և հեղինակի փայլուն մտածելակերպը»:
Ֆոլք երգիչ Բոբ Դիլանը (Ռոբերտ Ալեն Ցիմերման) ձայնագրել է մոտ 40 ձայնապնակ, հրատարակել է բազմաթիվ գրքեր և նկարահանվել է ֆիլմերում: 75-ամյա Դիլանի վերջին ալբոմը՝ Fallen Angels («Ընկած հրեշտակներ»), այս տարի է թողարկվել: