Կալանավորված սարիթաղցիներին երկարատև ազատազրկում նախատեսվող հոդվածներ են մեղսագրվում

Սարիթաղցիների ու իրավապահների բախումը: 19-ը հուլիսի, 2016 թ․

Հուլիսին՝ պարեկապահակային գնդի տարածքի գրավման օրերին ոստիկանների ու սարիթաղցիների միջև տեղի ունեցած բախումներից հետո ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորված 33-ամյա Սարգիս Արաբաջյանի կինը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ այդ օրերին մի խումբ սարիթաղցիների հետ իր ամուսինն էլ էր փողոց դուրս եկել՝ պահանջելով վերականգնել թաղամասի անջատած գազն ու ջուրը, բացել ճանապարհներն ու վերականգնել թաղամաս մտնող միակ հանրային տրանսպորտի երթևեկությունը:

Արմինե Արաբաջյանն անհանգստացած է․ եթե դատարանը չփոխի հոդվածն ու 5-10 տարով ազատազրկի ամուսնուն, ինչպե՞ս պետք է սոցիալական ծանր պայմաններում ապրող իրենց երիտասարդ ընտանիքը, որի միակ կերակրողը կալանավորված Սարգիսն է, գոյատևի․ - «Ես ապրում եմ ամուսնուս, երեխաներիս ու թոշակառու տատիկի հետ: երկու երեխա ունեմ․ մեկը՝ չորս տարեկան, մեկը՝ վեց ամսական»:

Նարինեն ու այս գործով կալանավորված 9 սարիթաղցիների հարազատները պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացնում պետական գրեթե բոլոր գերատեսչությունների առջև, սակայն հրաժարվում են իրենց տներում զրուցել լրագրողների հետ՝ չցանկանալով ի ցույց դնել կենցաղային սարսափելի պայմանները, որովհետև, իրենց խոսքով՝ խղճահարության կարիք չունեն:

Ծայրահեղ ծանր է նաև գործով կալանավորված Հրայր Իսահակյանի ընտանիքի վիճակը: Փաստաբան Գրիշա Բալասանյանի փոխանցմամբ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդը երկու անչափահաս երեխաների հայր է, և ինքն է ընտանիքում միակ աշխատողը:

Բալասանյանը դժգոհությամբ փոխանցեց նաև, որ դատական նիստերը շարունակ հետաձգվում են, որովհետև մեղադրող դատախազն առանց որևէ բացատրության չի ներկայանում նիստերին:

«Կարծում եմ, դատախազը դիտավորյալ չի գալիս, որպեսզի պաշտպանական կողմը չկարողանա անհրաժեշտ միջնորդությունները ներկայացնել», - ասաց փաստաբանը:

Բալասանյանի խոսքով՝ դատարանում հայտնված միակ ապացույցը լրագրողներից մեկի նկարահանած տեսանյութն է, որում իր վստահորդը ո՛չ քար է նետել ոստիկանի ուղղությամբ, ո՛չ էլ բռնություն է կիրառել: Մինչդեռ Իսահակյանին մեղսագրվում է հենց իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառում, ինչի համար նախատեսված է մինչև 10 տարվա ազատազրկում:

Փաստաբանը խոսեց նաև «ընտրովի գործող» արդարադատության մասին․ - «Եթե պաշտոնյաների դեպքում հնարավոր է գրավով ազատել, ինչո՞ւ էս դեպքում հնարավոր չէ: Հիշում ենք, չէ՞, Սյունիքի նախկին մարզպետի և նրա ընտանիքի հետ կապված պատմությունները․․․ Փորձում են քաղաքացիների լռեցնել, որ՝ տեսեք, եթե նման ակցիաները կրկնվեն, ապա դուք էլ եք հայտնվելու անազատության մեջ»:

Ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով 10 տարվա ազատազրկում է սպառնում նաև Հարություն Թորոսյանին: Նրա փաստաբան Անի Թորոսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ եթե դատախազը շարունակի բացակայել նիստերից, իրենք կպահանջեն գործի վարույթից հեռացնել նրան:

Փաստաբանն ասաց, որ ներկայացված ապացույցներով հերքվում է իր պաշտպանյալի առնչությունը․ - «Որևէ տուժող իմ պաշտպանյալին չի ճանաչել, իմ պաշտպանյալին դեպքի վայրում չի տեսել»:

Թեպետ փաստաբանները պնդում են, որ դատարանը մեղադրող դատախազի բացակայության հիմքերը չի ներկայացրել, գլխավոր դատախազությունից, այդուհանդերձ, «Ազատությանը» փոխանցեցին, թե դատախազն առաջին նիստին չի ներկայացել, որովհետև մասնակցել է վերապատրաստման դասընթացների, ինչի մասին տեղեկացրել է դատարանին: Իսկ երկրորդ նիստին բացակայել է դատարանից ծանուցագիր չստանալու պատճառով:

Ըստ Քննչական կոմիտեի, այս գործով կա 9 մեղադրյալ, որոնցից չորսի գործերն ուղարկվել են դատարան, իսկ մնացած 5-ինը դեռևս նախաքննության փուլում են: