Ի պատասխան Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի կոչին՝ բողոքի ցույցեր կազմակերպել Սիրիայում Մոսկվայի կատարած գործողությունների դեմ, Ռուսաստանը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պարտավոր է պաշտպանել Լոնդոնում գտնվող ռուսաստանցի դիվանագետներին:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մասնավորապես նշել է, թե՝ Ջոնսոնը «հավանաբար տեղյակ է, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն Մեծ Բրիտանիան պատասխանատվություն է կրում» Բրիտանիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների համար:
Երեկ Ջոնսոնը խորհրդարանում ասել է․ - «Ես, անշուշտ, կցանկանայի ցույցեր տեսնել Ռուսաստանի դեսպանատան մոտ»: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը նաև կարծիք է հայտնել, որ ակտիվիստները բավարար չափով չեն արտահայտում իրենց զայրույթը Հալեպում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:
Ջոնսոնի այս մեկնաբանությունը հնչեցվել էր Հալեպում Սիրիայի և Ռուսաստանի կողմից ռմբակոծությունների սաստկացման ֆոնին: «Ասոշիեյթեդ փրեսի» փոխանցմամբ, սիրիացի ակտիվիստները և փրկարարները հայտնել են, որ նախօրեին օդային հարձակումների հետևանքով Հալեպում առնվազն 25 մարդ է զոհվել:
2011 թվականից Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով մինչ օրս առնվազն 250,000 մարդ է զոհվել: