Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում քիչ առաջ մեկնարկեց ավելի քան տասը ամիս ազատությունից զրկված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի դատավարությունը:
Նիստի մեկնարկին Սաֆարյանի փաստաբանը դատավարության ընթացքում արդեն երրորդ անգամ միջնորդեց դատարանին ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին: Մոտ 50 րոպե ընթերցելով միջնորդությունը՝ փաստաբանը պնդեց, որ բոլոր հիմքերը կան բավարարելու համար այն: Հայրապետյանը նշեց, որ արդեն ավարտվել են գործով անցնող վկա ոստիկանների հարցաքննությունները և հետևաբար Սաֆարյանն ազատության մեջ չի կարող ճնշում գործադրել նրանց նկատմամբ, ինչին հղում էր արել դատարանը՝ նախորդ երկու նմանատիպ միջնորդությունները մերժելու ժամանակ: Փաստաբանը նաև նշեց, որ կալանավորվելուց երեք ամիս անց Սաֆարյանի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, այդ փաստը արձանագրել են նաև քրեակատարողական հիմնարկ այցելած ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները:
Հայրապետյանի պնդմամբ, կալանավայրում Սաֆարյանը պատշաճ բուժօգնություն չի ստանում և առողջությունը կազդուրելու համար պետք է ազատ արձակվի:
Մեղադրող դատախազն առարկեց միջնորդությանը, նշելով, որ փաստական նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել նախորդ երկու նույնաբովանդակ միջնորդությունների համեմատ:
Գևորգ Սաֆարյանը հայտարարեց, որ ազատության իրավունքը գերակա է երբեմն անգամ կյանքի իրավունքից, սակայն չի կասկածում, որ դատարանը մերժելու է իրենց միջնորդությունը:
Կողմերին լսելուց հետո, դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշումը կհրապարակվի քիչ անց: