Ժամանակը ցույց կտա, թե ովքեր էին Վանաձորի նոր ձևավորված ավագանու այն չորս անդամները, ովքեր, հակառակ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը, քաղաքապետի ընտրության ժամանակ իրենց ձայնը տվեցին իշխանության, այլ ոչ թե ընդդիմության թեկնածուին, վստահ են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում, որի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը պարտվեց:
«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահ է՝ տեղի ունեցածը իշխող ուժի կողմից ավագանու անդամների նկատմամբ ճնշումների հետևանք է:
«Տեղի ունեցավ այն, ինչ որ մենք սպասում էինք, ինչո՞ւ՝ որովհետև մի շաբաթ էր՝ էդ ճնշումների մասին տեղեկությունները կային, և դա շարունակվեց այնքան, մինչև հուշագիրը ստորագրվեց, և հուշագիրը ստորագրվելուց հետո ճնշումները բազմապատկվեցին, և էդ բազմապատկման արդյունքում մենք արդեն գիտեինք, թե ինչ է տեղի ունենում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարուքյանը՝ շարունակելով. - «Երբ որ [հանրապետական թեկնածու] Մամիկոն Ասլանյանը առաջադրվեց՝ 15 մանդատ ունեցող ուժի ներկայացուցիչը, ընդդեմ 18 մանդատ ունեցող ուժերի, արդեն պարզ էր, որ իրենք լուծել են էդ խնդիրը: Եվ ինչ էր պետք անել՝ պետք էր էդ խնդիրը լուծելու դեմ ինչ-որ մեխանիզմներ կիրառել, և էդ մեխանիզմներից մեկը հենց բաց քվեարկությունն էր, որը մեր խմբակցությունը որոշել էր և բաց քվեարկություն էր ցանկանում իրականացնել, և տեսաք դուք՝ ինչ պատերազմ սկսվեց, երբ բաց քվեարկեցին, և ինչի էին հանրապետականները գոռում, ճվում՝ որովհետև իրենք չէին ցանկանում, որ բացահայտվեն այն մարդիկ, ում իրենք խոսք էին տվել, որ «մենք ամեն բան կանենք, որ դուք չեք բացահայտվի»: Եվ դրա արդյունքում տարան այն հաղթանակը՝ էդ զեղծարարության, կեղծիքի, ճնշումների, որի արդյունքում քաղաքական պայմանավորվածություններ են խախտվում, տարան էդ պյուռոսյան հաղթանակը, և էդ չարիքի ճանապարհով, բնականաբար՝ չար ծառը չի կարող բարի պտուղ տալ, ունեցանք այն, ինչ ունեցանք»:
«Բայց մենք պրոցեսը մինչև վերջ տարանք, մենք չէինք կարող չտանել պրոցեսը մինչև վերջ, որովհետև այլապես չէր պարզվի, թե ինչ իրավիճակ ունենք մենք այստեղ՝ Վանաձորում», - ընդգծեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը: Նրա համոզմամբ՝ դա շատ կարևոր էր և նաև կարևոր նախադեպ կարող է լինել «այն առումով, որ Հանրապետական կուսակցության սահմանադրական բարեփոխումների, էդ որ էս քանի օրը ասում էին, որ «տեսա՞ք ինչ հնարավորություն է տվել բարեփոխումը, տեսա՞ք այս հարցը, տեսա՞ք այն հարցը, տեսեք ինչ նոր աուրա, նոր մթնոլորտ, նոր միջավայր»...: «Եվ եթե մենք չգնայինք էս պրոցեսով, էս լկտիությունը, էս հանցագործությունները մենք չէինք կարող բացահայտել: Եվ մենք ուղղակի ետ տարանք Հանրապետականին դրեցինք էն տեղում, որտեղ որ ինքը կար և որտեղից որ նրանք ցանկանում էին դուրս գալ և ասել, որ «գիտե՞ք, մենք շատ լավն ենք, մենք նոր վարչապետ ենք բերել, նոր նախարարներ, սենց սիրուն, պուպուշ մարդիկ ենք բերել, մենք ընտիր մարդիկ ենք, փոխվել ենք, նոր էջ ենք ուզում սկսել»: Մենք լավագույնս լուծեցինք այս խնդիրը», - հայտարարեց Էդմոն Մարուքյանը: