Հայաստանի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումները շարունակում են նվազել: Նախորդ տարվա օգոստոսի համեմատ այս տարի 13.458 մլն դոլարով նվազել է
Այս տարվա հունվար-օգոստոսին դրամական փոխանցումների ներհոսքի ծավալը կազմել է 914.4 միլիոն դոլար, որը 107.7 միլիոն դոլարով կամ 10.5 տոկոսով քիչ է 2015 թվականի հունվար-օգոստոսի ցուցանիշից։
2016 թվականի հունվար-օգոստոսին Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է 550.5 միլիոն դոլար, դա 75.3 միլիոն դոլարով կամ 12 տոկոսով ցածր է 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը տրանսֆերտների նվազման երկու պատճառ է առանձնացնում, նախ՝ արտագաղթի շարունակական տեմպերը և դրանով պայմանավորված սպառման նվազումը, ապա՝ Ռուսաստանի տնտեսության անկումը։
«Դրանց շնորհիվ կուրսն է պահպանվում, սովորում ենք այդ ապրելակերպին, ինչպես նարկոմանը ստանում է կախվածություն դեղերից, մենք էլ հիմա կախված ենք այդ տրանսֆերտներից։ Պակասելը բնական է։ Հիմնական առաջին պատճառը, որ արտագաղթը ահագնանում է և մարդիկ իրենց մոտ են տանում իրենց ծնողներին, այդ պատճառով քիչ են ուղարկում, ընտանիքների մեծ մասն արդեն գնացել է, ամբողջ ընտանիքն է գնացել և երկրորդ՝ իհարկե Ռուսաստանում վիճակը շարունակում է անկում ապրել, չնայած այս տարվա առաջին կիսամյակին ռուսական տնտեսական անկումը ընդամենը կես տոկոս էր, տրանսֆերտների անկումը՝ ավելի քան տասը տոկոս», - ասաց Բագրատյանը։
Տրանսֆերտների նվազումը Հրանտ Բագրատյանին ուրախացնում է, կարծում է, որ դա կստիպի նոր կառավարությանը մտածել այնպիսի երկիր կառուցելու մասին, որը կախված չի լինի այլ երկրներից եկող գումարներից, հակառակ դեպքում Հայաստանից մշտապես արտագաղթ կլինի։
«Դուք գիտեք, որ Հայաստանում կային մարդիկ, մասնավորապես, նախկինի նախկին վարչապետը, ով չէր էլ թաքցնում, ասում էր ՝ «ինչքան շատ գնան, էնքան լավ, այնքան շատ փող կգա Հայաստան»։ Վերջապես հիմա ղեկավարությունը շանս ունի մտածելու այդ մասին ավելի լուրջ, մեկ է մի օր այդ տրանսֆերտները չեն լինելու», - ասաց Բագրատյանը։
Նախկին վարչապետի խոսքով, տրանսֆերտները պետք է ստերիլիզացնել՝ գնելով դրանք շուկայից։ Սակայն, ինչպես ինքն է ասում, Կենտրոնական բանկը դա չի հասկանում։ Մինչդեռ եթե Հայաստանը չկարողանա ստերիլիզացնել, ավելի լավ է, որ այդ տրանսֆերտները Հայաստան չգան։
«Օրինակ, ո՞նց է պատահում՝ Ռուսաստանի բանկը, երբ որ նավթի վաճառքից գումարներ են գալիս, մանավանդ, երբ, որ գինը բարձր էր, կամ չինական բանկը, ստերիլիզացնում է այդ դոլարները, որոնք գալիս են, քանի որ էքսպորտն ավելի շատ է քան՝ արտահանումը։ Այսինքն, այդքան դոլար գնում է շուկայից՝ թողնելով որպեսզի ազատ կուրսը ձևավորվի առանց նման մուտքերի, ստերիլիզացիայից հետո։ Մենք էլ պետք է նման քաղաքականություն վարենք։ Դրան, ի դեպ, հաճախ դեմ են եղել Արժույթի միջազգային հիմնադրամի որոշ մասնագետներ, որովեհտև նրանք ուզում են, որ Հայաստանը միշտ յոլա գնա, զարգացող երկիր չդառնա։ Իսկ, երբ որ Կենտրոնական բանկը ստերիլիզացնում գնում է այդ միջոցները, կարող էր ստեղծվել զարգացման ֆոնդ, դներ այդ ֆոնդի մեջ։ Որովհետև, երբ որ դու չես ստերիլիզացնում, այդ նույն է, ոնց որ հրշեջի շլանգով բաժակ ջուր լցնես, պետք է հելնի, թափվի», - ասաց Բագրատյանը։