Տանզանիայում ձերբակալված Վարդանյան եղբայրներն ազատ են արձակվել

Լուսանկարը՝ Արտյոմ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Տանզանիայում ձերբակալված Արտյոմ և Էդուարդ Վարդանյանները 7 ամսվա բանտարկությունից հետո ազատ են արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում այսօր գրառում է կատարել Արտյոմ Վարդանյանը։

«Ես ու եղբայրս Տանզանիայի բանտում 7 ամսվա հարկադիր արձակուրդից հետո հասկացանք, որ այս երկրի բյուջեն խիստ կարիք ուներ 220 դոլարի, որը ես որպես տուգանք վճարեցի՝ ներգաղթի կանոնները խախտելու համար, քանի որ այնտեղից շատ աֆրիկյան ատրիբուտներ էի ձեռք բերել «Ջամբո»-ի ձևովորման համար», - գրել է գործարարը։

Նրա փոխանցմամբ, իր եղբայրը՝ Էդուրադ Վարդանյանը, ինչպես հետագայում հայտնի դարձավ, զուտ «իշխանությունների մարդասիրական նկատառումներով է այդքան ժամանակ բանտում անցկացրել»։ «Նա բանտում էր, որ ես այնտեղ գոնե ինչ-որ մեկի հետ կարողանայի բլոտ խաղալ։ Նրանից նույնիսկ տուգանք չեն պահանջել, միայն ասել են՝ «վերջ տղաներ, խաղացինք և բավական է»։ Մենք շատ շնորհակալ ենք մեր բոլոր ընկերներին, ովքեր այս «հանգստ»-ի ընթացքում մեր կողքին էին։ Մարդկանց ցանկությունը՝ երկարաձգել մեր «հանգիստ»-ը Տանզանիայում 30 տարով, ձախողվեց, նաև չստացվեց ստիպողաբար մեզ հագցնել այս նարնջագույն համազգեստը, որը հետո ես ինքնակամ հագա Հոլանդիա հասնելով», գրել է Վարդանյանը։

Հոլանդիայի քաղաքացիություն ունեցող Վարդանյանները ձերբակալվել էին այս տարվա մարտի 23-ին Կիլիմանջարոյի միջազգային օդանավակայանում։ Նրանք մեղադրվում էին Տանզանիայից կապիկների ապօրինի արտահանման փորձի մեջ:

Արտյոմ Վարդանյանը Ձորաղբյուրում գործող «Ջամբո» այգի-ռեստորանի սեփականատերն է։ Այստեղ նա մեծ թվով կապիկներ և այլ էկզոտիկ կենդանիներ ունի, անգամ Կարմիր գրքում գրանցված բոնոբո տեսակի կապիկ։