Սահմանադրական հանրաքվեի մասին օմբուդսմենի զեկույցում նրա նախորդը չի գտել իրավապահների աշխատանքի գնահատականները

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեաթերթիկների վերահաշվարկ ընտրատեղամասերից մեկում, 10-ը դեկտեմբերի, 2015թ․

Անցած շաբաթ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը զեկույց հրապարակեց սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ։ Մինչ օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտարարում է, որ այն արտացոլում է իրավիճակը անցած տարվա դեկտեմբերին և դրանից հետո, նրա նախորդը՝ Կարեն Անդրեասյանը շտապեց հայտարարել՝ այս զեկույցն այն չէ, ինչ ինքն էր պատրաստվում հրապարակել, և դրանում տեղ չեն գտել իր իրավաքաղաքական ամփոփումներն ու եզրահանգումները։

Կարեն Անդրեասյան, արխիվ

«Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ սահմանադրական հանրաքվեի մասին զեկույցում բացակայում են Ձեր իրավաքաղաքական ամփոփումներն ու եզրահանգումները։ Ի՞նչ պետք է գրվեր, որ չի գրվել», - «Ազատության» այս հարցին Կարեն Անդրեասյանը պատասխանեց․ - «Ոչ թե ինչ-որ բան պետք է գրվեր, որ չի գրվել, կամ հակառակը՝ չպետք է գրվեր, բայց գրվել է, այլ զուտ գնահատականների և ամփոփումների խնդիր է։ Այդ զեկույցում ամենակարևորը, որ ես եմ տեսնում, այն էր, որ ի վերջո ինչպիսի քննություն կատարեցին իրավապահ մարմինները։ Ինձ համար ամբողջ այդ հանրաքվեի գործընթացից ամենակարևոր խնդիրը, որ ես դրել էի և սպասում էի, որ առանձնացնեի և հատուկ շեշտադրեի, իրավապահ մարմինների աշխատանքն էր այդքան ներկայացված ընտրախախտումների վերաբերյալ»։

Թաթոյանի զեկույցում, նշեց նախկին օմբուդսմենը, արվել են, օրինակ, լրատվամիջոցների գործերի հետ կապված ինչ-ինչ շեշտադրումներ, վարույթները մերժվելու հետ կապված, բայց կոնկրետ իրավապահ մարմինների աշխատանքի գնահատականները Անդրեասյանն այնտեղ չի գտել։

«Իմ՝ հանրաքվեի մասին խոսելիս ամենակարևոր հարցը լինելու էր հետևյալը՝ ինչպիսի քննություն իրականացրեցին իրավապահները։ Ես կտայի հստակ գնահատականներ, հիմա էլ կուզեի հնարավորություն ունենալ տալ հստակ գնահատականներ՝ ում մեղքով չբացահայտվեցին բոլոր խախտումները, ով և ինչ չափով պարտակեց այդ խախտումները հանրաքվեի ժամանակ։ Սրանք կլինեին իմ առաջնահերթությունները։ Զեկույցը կգրվեր իմ տրամաբանությամբ, եթե ես գրեի։ Բնականաբար, գրվել է պարոն Թաթոյանի տրամաբանությամբ, որովհետև ինքն է գրել, ինքն է տեսել, թե ինչն է ինքը համարում հանրաքվեի հետ կապված ամենամեծ պրոբլեմը կամ ամենացավոտ հարցը», - նշեց նախկին օմբուդսմենը:

Արման Թաթոյան, արխիվ

«Ազատության» հետ զրույցում արձագանքելով իր նախորդի հայտարարություններին՝ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ասաց․ - «Բոլոր այն նյութերը, որ կային պաշտպանի աշխատակազմում, վկայում էին այն մասին, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից դեկտեմբերի 6-ի օրը իրականացվել է պատշաճ աշխատանք։ Աշխատակազմը գործել է նույն արտակարգ ռեժիմով, խախտումները գրանցվել են, իրականացվել են արագ արձագանքումներ, և հանրաքվեի վերաբերյալ զեկույցում տեղ են գտել այդ բոլորը։ Զեկույցում դրանք արտահայտված են լիարժեք՝ քանի դեպքով են հարցերը լուծում ստացել, քանի դեպքով են արձանագրվել ու հետագայում ուղարկվել քրեական հետապնդում իրականացնող մարմնին»։

«Զեկույցը կազմելիս ես հիմք եմ ընդունել կայքում առկա հրապարակային հայտարարությունները, հիմք եմ ընդունել մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ կողմից պաշտպանին հայտնած տեղեկությունները, և նաև հրապարակման ժամանակահատվածն էլ պայմանավորված է ահազանգերի կապակցությամբ իրականացված քրեական վարույթների արդյունքներով, այդ թվում՝ դատական վարույթներով։ Նույնիսկ հրապարակման օրվա դրությամբ ունեինք մի քանի դեպք, որոնք գտնվում էին բողոքարկման փուլում», - շարունակեց Թաթոյանը:

«Ինչ վերաբերում է կոնկրետ գնահատականներին, ես օբյեկտիվորեն չէի կարող դրանք արտացոլել զեկույցում, քանի որ ձեռքիս տակ չկային, բացի այդ՝ կարող էին կրել նաև սուբյեկտիվ բնույթ», - ընդգծեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն՝ ամփոփելով․ - «Այդ իսկ պատճառով, զեկույցն օբյեկտիվորեն արտացոլում է բոլոր ահազանգերի կապակցությամբ արված քայլերը, և լայն կերպով օգտագործվել են իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները, ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի զեկույցը հանրաքվեի գործընթացի հետ կապված, բացի այդ՝ վերլուծվել են ահազանգերի հետ կապված իրականացված վարույթները՝ սկսած կիրառված պատիժներից, նաև անդրադարձ է կատարվել դրա հիման վրա թե՛ օրենսդրական կարգավորումներին, և թե՛ թերություններին, թե՛ նաև պրակտիկային»։