Գիշերը շփման գծում․ հրադադարի ավելի քան 50 խախտում, շուրջ 1800 կրակոց

ԼՂ ՊԲ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծում, արխիվ

Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (155 կրակոց) և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահար դիպուկահար հրացան (109 կրակոց):

Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև ՀԱՆ-17 (հաստոցավոր ավտոմատ նռնականետ)՝ 1 արկ:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է հաղորդագրությունում:

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը երեկ երեկոյան հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ նույն օրը տարածած տեղեկատվությունը, թե հայկական կողմի արձակած կրակոցից զինծառայող է մահացել:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս և ամենայն պատասխանատվությամբ հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Ավելին` հարկ է ընդգծել, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը հակամարտության գոտու տարբեր հատվածներում անհամեմատ ակտիվացրել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը` կիրառելով ոչ միայն փոքր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այլև գնդացիրներ ու հեռահար դիպուկահար հրացաններ: Ասվածի ամենաթարմ ապացույցը այսօր շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից կիրառված «Սև նետ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից արձակված շուրջ 50 թիրախավորված կրակոցներն են», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության՝ երեկ երեկոյան տարածած հաղորդագրությունում:

Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը ադրբեջանական կողմին խորհուրդ է տալիս նախազգուշացնելու փոխարեն հիշել հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ միջազգային հանրության առաջ ստանձնած պատասխանատվության մասին: «Միաժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հակառակորդի կողմից հայ զինծառայողի ցանկացած թիրախավորում անպատասխան չի մնալու», - ասված է հաղորդագրությունում: