Կառավարության շենքի մոտ ամեն հինգշաբթի բողոքող խմբերին այսօր միացել էին «Վանաձոր Քիմպրոմ»-ի աշխատակիցները։ Չվճարված աշխատավարձերի համար տարիներ շարունակ պայքարող վանաձորցիներն այսօր եկել էին Երևան՝ իրենց բողոքը ներկայացնելու նոր կառավարությանը։ Աշխատավարձի ընդհանուր պարտքը կազմում է 123 միլիոն դրամ։
«Դիմել ենք դատարան: Դատարանը, մեր քաղաքացիական հայցից բացի, քննարկել ա նաև կազմակերպությանը՝ «Ռեջիոն Էներջի»-ին սնանկ ճանաչելու հարցը, և 2014 թվականի հուլիսի 7-ին դատարանի վճռով «Ռեջիոն Էներջի»-ն սնանկ ճանաչվեց և, ըստ էդ դատարանի վճռի, պարտավորվեց իր գույքի և ընթացիկ հաշիվների հաշվին մեր աշխատավարձի պարտքի հարցերը լուծել, մարել մեր պարտքերը: Անցել ա դրանից բավականաչափ ժամանակ, և էդ հարցը չի լուծվել», - ասաց ցուցարարներից մեկը:
Քիմպրոմցիները նամակներ են գրել նախագահին, բազմիցս գործադուլներ և բողոքի ցույցեր են արել, փակել են միջպետական ճանապարհ։ Այսօր նրանք նամակ հանձնեցին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին։
Կառավարության նիստից հետո ցուցարարների հետ հանդիպեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հրավիրեց իր գրասենյակ։ Ավելի ուշ քիմպրոմցիները «Ազատությանը» պատմեցին, որ հանդիպել են պաշտպանի ներկայացուցչի հետ, ով նրանց ասել է՝ ոչնչով չեն կարող օգնել, քանի որը «Քիմպրոմը» կապիտալ և իրավահաջորդ չունի։
Հայաստանի քիմիական արդյունաբերության երբեմնի հսկայի՝ «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները ևս այսօր կառավարություն էին եկել. նրանք պահանջում են վերագործարկել ընկերությունը։ Կառավարությունում տեղի ունեցավ վարչապետի և ներդրողների հետ հանդիպում, որին մասնակցում էր «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը:
Հանդիպման ավարտին նաիրիտցիներին փոխանցել են, որ բանակցությունները շարունակվելու են:
«Մենք հույս ունենք, որ դրական արդյունք կունենա հանդիպումը, որովհետև ծրագիրը անսովոր ծրագիր է, բացառիկ ծրագիր է հենց Հայաստանի համար, Հայաստանի տնտեսության զարգացման համար», - ասաց նախկին նաիրիտցիներից մի կին:
Կառավարությանն այսօր իրենց բողոքն էին ներկայացնում նաև «Եվրոֆուտբոլ» ընկերության աշխատակիցները, որոնց մտահոգում են Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները․ - «Անցումային դրույթների մեջ մեկ հոդված ավելացնելով՝ վիճակախաղերի կազմակերպման և շահումով խաղերի կազմակերպման լիցենզիաների պետական տուրքերը հինգ անգամ ավելացրել են: Այսինքն, յուրաքանչյուրը հարյուր միլիոն դրամ էր, դարձրել են հինգ հարյուր միլիոն դրամ, ինչը ոլորտում գործող ընկերություններին կանգնացրել է փակման եզրին»:
Նրանք նույնպես նամակ փոխանցեցին կառավարությանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգիրքը փոխելու իրենց առաջարկությունները․ - «Մենք խորին համոզմունք ունենք, որ վարչապետը մեզ կընդունի, կլսի և կփորձենք հնարավորինս լուծելի տարբերակներ գտնել, որպեսզի ոլորտը ծաղկի, զարգանա, այլ ոչ թե հետընթաց ապրի»: