Սուրիկ Խաչատրյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Կառավարությունը այսօրվա նիստում որոշում ընդունեց Սուրիկ Խաչատրյանին իր դիմումի համաձայն Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին և այն ուղարկեց Հայաստանի նախագահի հաստատմանը:

Գործադիրը նիստը սկսեց տվյալ հարցի քննարկմամբ, թեև այն օրակարգի նախագծում 20-րդն էր:

Երբ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հետաքրքրվեց նոր մարզպետի նշանակման հարցով, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ տվյալ հարցին կանդրադառնան երկրի նախագահի կողմից որոշումը հաստատելուց հետո:

Վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով Դավիթ Լոքյանին, ժպտալով ասաց․ - «Շտապում եք, պարո՛ն նախարար»: Տարածքային կառավարման և զարգացման նախարարը արձագանքեց, որ այդպիսի «հանձնարարական է եղել»:

Քիչ անց նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց կառավարության որոշումը, և գործադիրը որոշում կայացրեց Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին: