Վանաձորում հոգևորականի ծեծի գործով կասկածյալի խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության մասնաշենքում եկեղեցու հովիվ Ռաֆայել Գրիգորյանին ծեծելու դեպքի առթիվ։

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «Վանաձոր քաղաքի բնակիչ Ռաֆայել Գրիգորյանը գրավոր հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին` ժամը 21-ի սահմաններում, նույն քաղաքի Վարդանանց 28 հասցեում գտնվող «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության մասնաշենքում Վանաձոր համայնքի ավագանու անդամի թեկնածուն, 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Վանաձոր համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ իր օգտին չքվեարկելու համար վրեժխնդիր լինելու նպատակով, ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն»։

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Նույն օրը որոշում է կայացվել Ռաֆայել Գրիգորյանին տուժող ճանաչելու մասին և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։ Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Վանաձոր համայնքի ավագանու անդամի թեկնածու Արկադի Փելեշյանի նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջինս, օգտվելով դատավարական իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Նախաքննությունը շարունակվում է: