ՊԵԿ․ Կեղծ փաստաթղթերով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս, հարուցվել է քրգործ

Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է կեղծ փաստաթղթերի միջոցով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպքի բացահայտման մասին:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ (Հրազդանի) բաժնի կողմից «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲ ընկերությունում իրականացված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը 2014 թվականին «Բիլդ Քընստրաքշն» ՍՊԸ-ի հետ կնքել է Կոտայքի մարզի «Լուսաջուր» տարածքի մուտքային տարածքի ճանապարհի շինարարության համար նախագծային և աշխատանքային փաստաթղթեր կազմելու վերաբերյալ պայմանագիր: «Կողմերը 2015 թվականին կազմել են աշխատանքների կատարման ընդունման-հանձնման ակտ՝ հաստատելով, որ աշխատանքները կատարվել են ամբողջ ծավալով: Աշխատանքի արժեքը սահմանվել է շուրջ 52 մլն դրամ: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Հրազդանի բաժնի կողմից հիմնավորվել է, որ նշված ընկերությունների պաշտոնատար անձինք, առանց փաստացի ծառայությունների մատուցման, եկամուտների ու ծախսերի վերաբերյալ ներկայացրել են կեղծ փաստաթղթեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` «առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելը և ներկայացնելը, որի հետևանքով առանձնապես խոշոր վնաս է պատճառվել», հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: