Ոստիկանությունը Երևանում հայտնաբերել և բերման է ենթարկել «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) կողմից առաջադրված Վանաձորի քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանին, ով կասկածվում է անցած գիշերը Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին ծեծի ենթարկելու մեջ:
Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրին, որ Փելեշյանը տարվել է քրեական հետախուզության գլխավոր վարչություն, ավելի ուշ կտեղափոխվի Վանաձոր:
ՀՎԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում կատարվածն ընդամենը քաշքշուկ է որակել, որը որևէ լուրջ հետևանք չի ունեցել․ - «Եթե չի հոսպիտալացվել մարդը, մենք ինֆորմացիան դրել ենք, դուք կարող եք նայել, ճշտել ենք հիվանդանոցներից՝ նման բան չկա: Քաշքշուկ է եղել, ինչ է եղել, հիմա ով ում քթին է խփել՝ չգիտեմ: Նկատի ունեմ, որ չկա հոսպիտալացում՝ այդքանը»:
Վանաձորի բժշկական կենտրոնի նյարդավիրաբույժ Կարեն Բեկչյանը լրագրողներին փոխանցեց, որ Ռաֆայել Գրիգորյանը հիվանդանոց է դիմել կեսգիշերին մոտ, արտաքին զննությամբ «կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ չի հայտնաբերել»՝ այդուհանդերձ չբացառելով, որ Գրիգորյանը գլխուղեղային վնասվածք է ստացել և խորհուրդ են տվել անցնել լրացուցիչ հետազոտություն․ - «Առաջարկել են ստացիոնար պայմաններում դինամիկ հսկողություն, որպեսզի ժխտենք կամ հաստատենք գանգուղեղային վնասվածքը: Նա հրաժարվել է»:
Ռաֆայել Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ Փելեշյանը մոտ տասնհինգ հոգու ուղեկացությամբ եկել է իր մոտ, խաչակնքվել, խնդրել է առանձնանալ ու զրուցել: Առանձնանալուց հետո, սակայն, սկսել է հարվածել․ - «Արկադին միանգամից սկսեց սեռական բնույթի ամենախայտառակ հայհոհանքները տալ և գլխիս խփել: Եվ շատ ուժգին»:
Գրիգորյանը ենթադրում է, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի: Նա ոչ միայն չի ընտրել Փելեշյանին, այլև արգելել է եկեղեցու տարածքում բաժանել թեկնածուի օրացույցը․ - «Ես իրան չեմ ընտրել: Մի ուրիշ կասկած էլ ունեմ, որ իմ թոռս շաբաթ օրը երեկոյան ինձ հետ խոսեց ընտրության մասին, ասեց՝ էս օրացույցերը կարո՞ղ եմ ես կիրակի օրը բաժանել, ես ասեցի՝ չի կարելի դա: Սա եկեղեցի ա, մենք պաշտամունք ենք անում, քաղաքականությունն առանձին բան ա»:
Արկադի Փելեշյանի երեխաները ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր սանիկներն են: Վերջինս լրագրողների հետ զրույցում դատապարտեց Փելեշյանի գործողությունները․ - «Չեմ միջամտել, չեմ միջամտելու իրավապահների գործողություններին: Ավելին, անկախ նրանից, իմ սանիկն է, իմ հարազատ եղբայրն է, ես եմ․․․ եթե պարզվի, որ նման բան իրոք եղել է, ես միշտ երևույթներին ունեցել եմ հստակ դիրքորոշում՝ եթե նույնիսկ ես էլ նման քայլ ձեռնարկեմ, դա դատապարտելի է և անընդունելի»:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը հոկտեմբերի 2-ին կայացած Վանաձորի ավագանու ընտրություններում ավելի քան հինգ հազար ձայն էր ստացել՝ ավագանու կազմում ստանալով հինգ մանդատ: Ավելին՝ կուսակցության դիրքորոշումից է կախված, թե ով կլինի Վանաձորի ապագա քաղաքապետը: Ավելի վաղ Հեղինե Բիշարյանը, արձագանքելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանի՝ ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի հետ դաշինք կազմելու առաջարկին, նախապայման էր հնչեցրել՝ կա՛մ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստանը» միանում է «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, կա՛մ պաշտպանում է քաղաքապետի իր թեկնածուին: