ԼՂ ԱԳՆ. Շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպերի

ԵԱՀԿ առաքելության դիտարկումը շփման գծում՝ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, մայիս, 2014թ․

ԵԱՀԿ առաքելությունն այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ։

Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել ենԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան/Մոլդովա/, ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը /Մեծ Բրիտանիա/ և ԵԱՀԿ նախագահության ներկայացուցիչ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակից Կլաուս Քելլերը:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: