Լրագրողական ՀԿ-ներ․ Չնայած նախագահի հավաստիացմանը՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտվեց նաև ՏԻՄ ընտրություններին

ՏԻՄ ընտրությունները Գյումրիի ընտրատեղամասերից մեկում, 2-ը հոկտեմբերի, 2016թ․

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ընթացքում արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի խոչընդոտման և սպառնալիքի 4 դեպք, ընդ որում՝ դրանցից 2-ը զուգորդվել են ֆիզիկական բռնությամբ։ Այդ մասին ասված է լրագրողական 8 կազմակերպությունների հայտարարությունում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երևանի մամուլի ակումբի, Գորիսի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին «Ինտերնյուս»), Լրագրողների «Ասպարեզ» ակումբի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան», «Լրագրողներ հանուն ապագայի», «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունները թվարկում են այդ դեպքերը․ - «Այսպես, սեպտեմբերի 17-ին Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի թիվ 18 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի նախագահ Խաժակ Աղաբեկյանը հարձակվել է «Armtimes.com»-ի ֆոտոթղթակից Տիգրան Մազմանյանի վրա, հարվածել տեսախցիկին և հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին: Սեպտեմբերի 18-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքի 19/2 տեղամասում սպառնացել են ազատ լրագրող Ելենա Զոհրաբյանին, խոչընդոտել նրա աշխատանքը։ Հոկտեմբերի 2-ին Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում ընտրողներին ուղղորդող մի կին հարձակվել է «Araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանիվրա, ձեռքից վերցրել նրա հեռախոսը և գետնին խփելով` ջարդել այն: Նույն օրը Գյումրիի թիվ 34/73 և Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասերում ժամը 20:00-ից հետո անհիմն արգելվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ընտրատեղամաս»։

Կազմակերպությունները նշում են, որ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առումով այս ընտրությունները ոչնչով չտարբերվեցին նախորդներից․ - «Ավելին, արձանագրված դեպքերը կրկին հաստատեցին, որ մեզանում ձևավորվել է արատավոր ավանդույթ. ընտրական գործընթացների ժամանակ ահագնանում են ճնշումներն ու հարձակումները ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների վրա։ Ակնհայտ է, որ իրավիճակը չի փոխվել նույնիսկ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահը այս տարվա հուլիսին Երևանի Խորենացի փողոցում ու Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում տուժած լրագրողներից ներողություն խնդրեց և հավաստիացրեց, որ նման դեպքեր չեն կրկնվի»։

Հայտարարության հեղինակները պահանջում են իշխանություններից համարժեք քայլեր ձեռնարկել ընտրությունների ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը խոչընդոտած անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ «Մենք ուշադիր հետևելու ենք իրավապահ մարմինների գործողություններին և անհրաժեշտության դեպքում մեր գնահատականները ներկայացնելու ենք հայաստանյան և միջազգային հանրությանը», - ասված է հայտարարությունում: