Հայ ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության առաջնորդները այսօր միասնական հայտարարությամբ են հանդես եկել՝ իրենց խորը մտահոգությունն ու վրդովմունքը հայտնելով երեկ Վանաձորում տեղի ունեցած «անմարդկային բռնության» միջադեպի առիթով:
«Ինչպես հայտնի է մամուլի հրապարակումներից, երեկ Ավագանու ընտրությունների «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Արկադի Փելեշյանն իրեն ուղեկցող մի խումբ անձանց հետ միտումնավոր և ծրագրված կերպով ներխուժել է Վանաձորի ավետարանական հավատքի եկեղեցու աղոթատուն և դաժան ծեծի ենթարկել եկեղեցու ավագ հովիվ Ռաֆայել Գրիգորյանին՝ պատճառելով նրան բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Բռնարարքից հետո վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրան ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, իսկ ոստիկանությունը, հրապարակված տեղեկությունների համաձայն, հետախուզում է հայտարարել դեպքի վայրից հեռացած անձանց նկատմամբ», - ասված է հայտարարությունում:
Խստագույնս դատապարտելով կատարվածը՝ հայտարարության հեղինակները երկրի բարձրագույն ղեկավարությանը հորդորում են ուշադրության կենտրոնում պահել միջադեպը, իսկ իրավապահ մարմիններից ակնկալում են օպերատիվ արձագանք: Նրանք համոզմունք են հայտնում, որ «տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, եթե ոչ քրեական հանցագործություն, ահաբեկման և բռնության միջոցով եկեղեցու վրա քաղաքական ճնշում գործադրելու դրսևորում, որը պետք է ստանա իր համարժեք գնահատականն ու պատասխանը ՀՀ արդարադատության համակարգի կողմից», և միջադեպը դիտարկում են որպես «հարձակում ոչ միայն կոնկրետ անձի, այլև Հայաստանի ողջ ավետարանական համայնքի դեմ»:
«Լիահույս ենք, որ պատկան մարմինների պատասխանատու աշխատանքի շնորհիվ՝ միջադեպը կստանա օբյեկտիվ իրավական հանգուցալուծում», - ասված է հայտարարությունում: