Գյումրիի ավագանին հին կազմով այսօր գումարեց արտահերթ նիստ, որի օրակարգում էր նաև Սերժ Սարգսյանի եղբայր, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:
Ավագանին օգոստոսի 12-ի նիստում էր որոշել Գյումրիում «Վերածնունդ» միջազգային փառատոնն անցկացնելու, ինչպես նաև ներդրումային գործունեության համար Լևոն Սարգսյանին շնորհել Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում: Այս որոշումը տարաբնույթ քննարկումների առիթ դարձավ քաղաքում ու սկսվեց ստորագրահավաք՝ Լևոն Սարգսյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու պահանջով:
1800 ստորագրությամբ նամակը փոխանցվել էր քաղաքապետարան և ըստ գործող կարգի ավագանին պետք է նիստ գումարեր՝ հարցը քննարկելու: Այսօրվա արտահերթ նիստը բավականին լարված մթնոլորտում անցավ, երբ ստորագրահավաք նախաձեռնող քաղաքացիական խմբի ներկայացուցիչները տեղեկացրին քաղաքապետին, որ նիստին ներկա գտնվելու ցանկություն ունեցող տասնյակ քաղաքացիների չեն թույլատրում ներս մտնել: Սկսվեց վիճաբանություն:
«Ասատրյան, գնա, տես՝ ինչ կկատարվի: Ինչքան տեղ կա, թողեք թող գան կանգնեն», - հրահանգեց Բալասանյանը:
Լևոն Սարգսյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու իրենց հիմնավորումները ներկայացրեց քաղաքացիական նախաձեռնությունից Արմենուհի Վարդանյանը, որի ելույթի ժամանակ ավագանու անդամներից ոմանց նյարդերը տեղի տվեցին:
«Վստահ եմ, որ դուք գիտեք՝ ինչ են մտածում մարդիկ և գիտենալով հանդերձ՝ շնորհել եք Լևոն Սարգսյանին այդ կոչումը», - հայտարարեց Վարդանյանը:
Ավագանու անդամներից Լևոն Բարսեղյանը խոսքի իրավունքից օգտվեց և ներկայացրեց, թե Լևոն Սարգսյանն ինչպես է արձագանքել իրեն Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նախաձեռնությանը:
«Զրկում են, զրկեն, տալիս են, տան, Լևոն Սարգսյանի խոսքերն են սրանք: Սա առաջին անգամ է մեր պրակտիկայում, երբ քաղաքացիների հավաքած ստորագրություններով որոշման նախագիծ է բերվում ավագանու նիստին: Էս պրակտիկան կարելի է շարունակել: Ես կոչ եմ անում տրված կոչումը ետ վերցնել: Ես համարում եմ, որ Շարլ Ազնաուրի, Մարտիրոս Սարյանի և շատ ուրիշների կողքին այս մարդը բավարար արժանիքներ չունի Գյումրու պատվավոր քաղաքացու կցումը կրելու», - ասաց Լևոն Բարսեղյանը:
Լարված մթնոլորտում Լևոն Սարգսյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը դրվեց քվեարկության:
Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը քվեարկությունից հետո ասաց, թե սա տրամաբանությունից զուրկ նախաձեռնություն էր, որը ընդամենը նախընտրական շրջանում ձայներ ստանալու նպատակ էր հետապնդում:
«Մարդկանց տներն են մտել, մենք ուսումնասիրել ենք, տեղյակ էլ չեն եղել, թե ինչի մասին է խոսքը, ստորագրել են: Սա է եղել պատկերը: Մենք պետք է խրախուսենք բոլորին, ովքեր մեզ գալիս, օգնում են, ոչ թե նման վերաբերմունք ցույց տանք, պրոֆեսոր մարդու նկատմամբ, որի նկատմամբ ցուցաբերեցինք», - հայտարարեց Սամվել Բալասանյանը:
Դրսում քաղաքապետարանի արգելանքներից այն կողմ սպասող տասնյակ քաղաքացիներ դժգոհում էին, որ իրենց թույլ չտվեցին մասնակցել նիստին: