Վանաձորում ընդդիմադիրներին չի հաջողվում դաշինք կազմել

«Լուսավոր Հայաստանին» միանալու համար «Հայկական վերածնունդը» նախապայման է առաջադրում:

Ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ, այնպես էլ հետո ընդդիմադիրներին միավորվել չի հաջողվում։ Վանաձորում ընդդիմությունը դաշինք կազմելու դեպքում կարող է իշխանության բերել իր քաղաքապետին, քանի որ այդ դեպքում առաջին տեղը գրաված Հանրապետականի ձայները ընդդիմադիրներից քիչ կլինեն:

Վանաձորում երկրորդ տեղը գրավված «Լուսավոր Հայաստանի» միավորվելու առաջարկին ի պատասխան երրորդ տեղը գրաված «Հայկական վերածնունդ»-ը նախապայմաններ է առաջադրել․ կմիանան, բայց առաջիկա խորհրդարանական ընտրություններում էլ «Լուսավոր Հայաստանը» պետք է միանա իրենց։

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նախապայմաններ չի ընդունում։

«Առաջարկները, ըստ էության, երկրորդ մասով Վանաձորի հետ կապ չունեն, իսկ առաջին մասով, իրականությունից ավելի շատ կտրված է, որովհետև այնպես չի կարող լինել, որ հինգ մանդատանոց ուժը տաս մանդատանոց ուժին առաջարկի միանալ իրեն և իրենց թեկնածուին առաջարկել», - նշեց Էդմոն Մարուքյանը:

Առանց նախապայմանների միավորվելու առաջարկին «Հայկական վերածնունդում» դեռ չեն արձագանքում։ Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ բանակցությունները ընթանում են, բայց այլ մանրամասներ դեռ չի կարող ասել։ Փոխարենը՝ երեկ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ իշխող կուսակցության հետ չեն համագործակցի։

«Նույնիսկ իմ կարծիքով, վստահ եմ, որ չենք համագործակցի», - ասաց Բիշարյանը:

Հանրապետական կուսակցությանը Վանաձորի ավագանիում մեծամասնություն կազմելու և իրենց քաղաքապետին իշխանության բերելու համար դաշինք է պետք: Միայն ՀՅԴ-ի հետ դաշինքը բավարար չէ։

«Հայկական վերածնունդի» պես Հանրապետականի հետ հրաժարվում է համագործակցել նաև «Բարգավաճ Հայաստանը»։ Այսօր կուսակցության առաջնորդը «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի հետ է բանակցել դաշինք կազմելու հարցով: Նաիրա Զոհրաբյանը «Ազատությանը» փոխանցեց, որ եթե «Լուսավոր Հայաստան» ու «Հայկական վերածնունդ» կուսակցությունները միավորվեն Վանաձորում, ապա իրենք առանց նախապայմանների կմիանան դաշինքին։

«Մեզ համար որևէ նախապայման գոյություն չունի: Մենք ասում ենք՝ մեզ համար կարևորը ընդդիմության կոնսոլիդացիան է», - ասաց Զոհրաբյանը:

«Լուսավոր Հայաստան»-ի նախագահ Էդմոն Մարուքյանը Հայկական վերածնունդ»-ի հետ համագործակցության հույս դեռ ունի: Առաջարկում է առանց նախապայմանների Վանաձորում փոփոխություններ բերելու նպատակով դաշինք կնքել։

«Առաջարկը արել ենք, մենք բաց ենք, մենք սպասում ենք արձագանքի: Ակնհայտ է, որ եթե միավորումը տեղի չունեցավ, քաղաքապետը լինելու է Հանրապետական կուսակցությունից: Դրա համար հետագայում թող որևէ մեկը որևէ մեկին չմեղադրի», - ասաց Մարուքյանը:

Բանակցություններ է վարում նաև իշխող Հանրապետականը: Դրանք, ըստ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի, թե տեսանելի են, թե անտեսանելի։ Թե ինչու են ընդդիմադիրները հրաժարվում իրենց հետ համագործակցել, գիտի՝ ժողովուրդը կասի, որ ընդդիմադիրները ծախվել են։

«Կասեն, բայց մենք պետք է հասկանանք, որ այլևս ասելով չէ: Մենք պետք է կարողանանք իրար հետ աշխատել, պայքարել ոչ թե կամ-կամ-ի, այլ փոխլրացման սկզբունքով: Ոչինչ, թող մի քիչ էլ խոսեն: Շատ են խոսել, 25 տարի խոսել են: Կառուցողական քաղաքական մշակույթը պահանջում է համակեցություն և ոչ թե ընդհարում», - ասաց Աշոտյանը:

Եվ մինչ իշխանությունը և ընդդիմությունը Վանաձորում իշխանության գալու համար բանակցություններ են վարում, Գյումրիում, ըստ հանրապետականների, իրենց աջակցությունը վայելող «Բալասանյան» դաշինքն է հաղթել։ Թեև անհրաժեշտ 40 տոկոսի շեմը չեն հաղթահարել, բայց, Աշոտյանի խոսքով, ընտրություններում շեմը չհաղթահարած կուսակցությունների ձայները բաշխելու դեպքում իրենք մեծամասնություն կլինեն:

«Այդ ձայները վերաբաշխվում են անցածների միջև: Եվ ստացվում է, որ այս մեխանիզմով «Բալասանյան» դաշինքը ստանում է 40+ տոկոս», - ասաց Աշոտյանը:

«Բարգավաճ Հայաստանում» ընդունում են՝ եթե հիմք ընդունենք ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, հանրապետականները ավագանիում մեծամասնություն կունենան, մինչդեռ պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, իրենց բազմաթիվ վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել և դրանց արդյունքներից հետո միայն կարելի է ասել թե ով հաղթեց։