Քիմ Քարդաշյանին Փարիզում կողոպտել են

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Փարիզում անցած գիշեր հարձակման ենթարկվելուց ու կողոպտվելուց հետո, լքել է Ֆրանսիան անձնական ինքնաթիռով:

Այս պահի դրությամբ հայտնի է միայն, որ լուսաբացին ոստիկանական համազգեստ հագած դիմակավորված ու զինված հինգ անձինք ներխուժել են Քարդաշյանների շքեղ կեցավայր, կապկպել նրան ու փակելով լոգարանում, հափշտակել ավելի քան 10 միլիոն դոլարի ոսկեղեն, այդ թվում` 4 միլիոն դոլար արժողությամբ մի մատանի:

Հանրահայտ հեռուստաաստղի խոսնակը հաղորդել է` Քարդաշյանը հարձակումից հետո ահավոր վախեցած էր, բայց ֆիզիկապես անվնաս:

Ոստիկանությունը դեռ փնտրում է հանցագործներին, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, դեպքի վայրից հեռացել են հեծանիվներով:

Ամերիկահայ հեռուստաաստղը Փարիզ էր եկել նորաձևության շաբաթին մասնակցելու և իջևանել քաղաքի ամենաթանկ` 8-րդ թաղամասի շքեղ առանձնատներից մեկում: Առայժմ հստակ չէ` արդյո՞ք հարձակման պահին նրա հետ են եղել նաև երկու երեխաները:

Քիմ Քարդաշյանի ամուսինը` հանրահայտ Քանյե Ուեսթը, հարձակման պահին գտնվում էր օվկիանոսից այն կողմ` Նյու Յորքի բեմերից մեկում: Հաղորդվում է, որ օգնականի միջոցով լուրը ստանալուն պես` աշխարհահռչակ ռեփերը անմիջապես դադարեցրել է համերգը:

«Ներեցեք` ընտանիքումս արտակարգ դեպք է պատահել, պետք է ընդհատեմ շոուն», - հայտարարել է Քանյեն:

Աստղային ընտանիքի հետ կատարվածը մեծ աղմուկ է բարձրացրել Փարիզում, դառնալով նաև ներքաղաքական քննադատության առիթ: Երկրում, ուր անցած երկու տարում մեկը մյուսին հաջորդած ահաբեկչական հարձակումների հետևանքով արդեն ավելի քան 200 մարդ է զոհվել, Քարդաշյանի դեմ աղմկահարույց հարձակումը նոր կրքեր է բորբոքել:

Փարիզի կառավարման խորհրդի ընդդիմադիր անդամ, հաջորդ նախագահական ընտրությունների հավանական թեկնածու Նատալի Կոսյուսկո Մորիզեն հայտարարել է՝ այս միջադեպը ապացուցում է, որ Փարիզի անվտանգությունը ընդհանուր առմամբ աղետալի վիճակում է: «Անշուշտ, Քիմը հիմա մեր մտքերում է, բայց մենք մտահոգ ենք նաև Փարիզի վարկանիշի համար: Այս լուրն առավոտից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, պտտվում է բոլոր հեռուստաալիքներով, առնվազն՝ Միացյալ Նահանգներում, պատկերացրեք՝ ինչպիսի բացասական ազդեցություն է սա ունենալու», - ընդգծել է նա:

Գործող քաղաքապետ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աջակից Անն Իդալգոն, հակադարձելով այդ մեղադրանքներին, պնդել է, թե վստահ է՝ ոստիկանությունը կարող է արագորեն հայտնաբերել ու ձերբակալել կասկածյալներին, և հավելել՝ որևէ կերպ չի պատրաստվում կասկածի տակ դնել իրավապահների կամ անվտանգության ուժերի աշխատանքի արդյունավետությունը: «Ցավում եմ Քարդաշյանի հետ կատարվածի համար, նրան միշտ ուրախ են ընդունել Փարիզում», - հայտարարել է Իդալգոն:

Զբոսաշրջիկների համար աշխարհի ամենագրավիչ քաղաքներից մեկը համարվող Փարիզում, ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարի այցելուների թիվը մոտ 10 տոկոսով նվազել է՝ անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով: