Քիմ Քարդաշյանին Փարիզում կողոպտել են

Ֆրանսիա - Ձախից՝ աջ․ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի և մոր՝ Քրիս Ջեների հետ մասնակցում է Նորաձևության շաբաթին, Փարիզ, 29-ը սեպտեմբերի, 2016թ․

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Փարիզում հյուրանոցում զինված հարձակման և կողոպուտի է ենթարկվել: Այդ մասին հաղորդում է DPA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Քարդաշյանի խոսնակին և Ֆրանսիայի իրավապահ մարմիններում իր աղբյուրը:

Հարձակվողները, հաղորդագրությունների համաձայն, եղել են ոստիկանական տարբերանշաններով հագուստով 5 դիմակավորված անձինք, որոնք, Reuters-ի փոխանցմամբ, մուտք են գործել հյուրանոցում հեռուստաաստղի զբաղեցրած շքեղ հարկաբաժինը, կապկպել նրան լոգարանում և տարել ոսկեղենը: Հաղորդվում է, որ Քարդաշյանը հարձակումից հետո «ահավոր վախեցած էր, բայց ֆիզիկապես անվնաս»:

Իրավապահ մարմիններում DPA-ի և Reuters-ի աղբյուրների վկայությամբ, հեռուստաաստղից գողացել են շուրջ 9 միլիոն եվրոյի կամ 10 միլիոն դոլարի ոսկեղեն, այդ թվում՝ 4 միլիոն արժողությամբ մի մատանի:

Քիմ Քարդաշյանը ոստիկանության կողմից հարցաքննվելուց հետո մեկնել է Ֆրանսիայից: