«Սասնա ծռեր»-ից Թաթուլ Թամրազյանի կալանքը երկարացվեց ևս երկու ամսով

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ՊՊԾ գնդի տարածքում, հուլիս, 2016թ․

Այժմ նա գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի կալանքն այսօր երկու ամսով երկարացվեց: Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդը 15 օր գրաված խմբի անդամի շահերի պաշտպան Մոնիկա Մարգարյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը մերժել է նաև կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը: Փաստաբանը կալանքը երկարացնելու համար քննիչի ներկայացրած հիմնավորումը բավարար չի համարում:

«Նշեց, որ ազատության մեջ մնալով Թաթուլ Թամրազյանը կարող է խուսափել քննությունից, խոչընդոտել նախաքննությանը: Նրան մեղսագրվող արարքների համար պատիժ է սահմանված ավելի քան մեկ տարի, սակայն որևէ հիմնավորում, որևէ տեղեկություն, որևէ փաստ, ապացույց չներկայացրեց, որոնք կհիմնավորեին քննիչի ենթադրությունների ողջամիտ լինելը: Ներկայացվել են ցուցմունքներ, սակայն հարցաքննված անձանցից ոչ մեկը ցուցմունք չի տվել Թաթուլ Թամրազյանի վերաբերյալ, այսինքն այդ ապացույցները ուղղակի վերաբերելի չէին», - ասաց պաշտպան Մոնիկա Մարգարյանը:

26-ամյա Թաթուլ Թամրազյանը «Սասնա ծռեր»-ի առաջին անդամներից էր, որ դուրս էր եկել գրավյալ ՊՊԾ գնդից: Հուլիսի 18-ին Թամրազյանը որովայնի ձախ կեսի հրազենային վիրավորումով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այժմ նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Թամրազյանի շահերի պաշտպանը պնդում է, որ զինված խմբի անդամն ի վիճակի չէ փախուստի դիմել, ուստի կարիք չկար երկարացնել նրա կալանքը:

«Թաթուլ Թամրազյանի անձը հայտնի է, նա ունի բնակության վայր, զբաղմունք, և ներկա պահին՝ առողջական խնդիրներ, ուստի ենթադրել, որ նա կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել նախաքննությանը, որևէ հիմք չկա», - պնդեց փաստաբանը:

Մարգարյանը տեղեկացրեց նաև, որ ինքը՝ Թամրազյանը, ցանկություն չի հայտնել մասնակցել դատավարությանը՝ այն որակելով թատերական ներկայացում: Ռուսաստանի Դաշնությունից «Հիմնադիր խորհրդարանի» շարժմանը միանալու համար հայրենիք վերադարձած Թամրազյանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում մեղադրվում է 2 հոդվածներով՝ շենք, շինություններ գրավելը և ապօրինի զենք, զինամթերք կրելը և փոխադրելը։ Կալանավորված թիմակցին աջակցելու եկած «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Փայլակ Թևանյանը հույս ուներ, որ «Սասնա ծռեր»-ի անդամները երկար չեն մնալու անազատության մեջ:

«Մի քանի ամիս առաջ, երբ որ կալանավորվեց Հայկ Կյուրեղյանը, ցիտեմ Հայկին, ինքը ասաց՝ ես 9 տարի չեմ նստի, որովհետև էս ռեժիմը 9 տարի չի գործի: Ես վստահ եմ, որ տղերքը երկար տարիներ չեն նստի բանտում, անկախ դատարանի որոշումներից, քանի որ էս ռեժիմը էդքան երկար չի ձգի», - նշեց Փայլակ Թևանյանը:

Օրեր առաջ ևս երկու ամսով երկարաձգվել էին «Սասնա ծռեր»-ի երկու տասնյակ անդամների կալանքի ժամկետները։

Չնայած, որ կալանավորման նախորդ որոշումը բողոքարկելը որևէ արդյունք չէր տվել՝ Թաթուլ Թամրազյանի պաշտպանն ասաց, որ պատրաստվում է այս անգամ ևս դիմել Վերաքննիչ դատարան ու փորձել բեկանել կալանքը երկարացնելու առաջին ատյանի դատարանի որոշումը: