Անհայտ անձինք վնասել են Սարի թաղի բախումները նկարահանած օպերատորի մեքենան

Անհայտ անձինք այս գիշեր վնասել են «Սիվիլնեթ»-ի գլխավոր օպերատոր Սարգիս Խարազյանի ավտոմեքենան։ Ջարդել են ապակիները, պատռել անվադողերը։ Նախնական հաշվարկով մոտ 250 հազար դրամի վնաս են հասցրել։

«Էդ ակերը նոր էի գնել, կիրակի էի գնել, պատրաստվում էի ձմեռվան, շատ էի ուրախացել։ Բայց դե ինչ արած, մարդիկ իրենց ճաշակով ձևափոխեցին մեքենաս: Ոչ մի բան չեն տարել, ամեն ինչ տեղում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգիս Խարազյանը:

Հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգությունների ականատես օպերատորը կասկածներ ունի՝ այդ դեպքերով պայմանավորված ինչ-որ մարդիկ փորձել են վրեժ լուծել։

«Սարի թաղի վերջին դեպքերին ես նկարել էի քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք ծեծում էին մարդկանց, լրագրողների», - պատմեց օպերատորը:

Այդ օրը զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված «Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի գործով Սարգիս Խարազյանին փաստաբանական հարցում են ուղարկել։ Եվ հավանական է համարում, որ այդ գործով ևս կարող է պայմանավորված լինել։ Սարգիսը գտնում է, որ կատարվածը ոչ միայն վրեժ, այլ նաև նախազգուշացում է։ Մեքենայից ոչինչ չեն գողացել, հետևաբար կասկածները, որ մեքենան թալանելու նպատակով են նման բան արել, ըստ նրա, հերքվում են։

«Ինչու հիմա, որովհետև ցուրտ է արդեն, մարդիկ պատուհանները փակ են քնում։ Հիմա են արել, որպեսզի չբռնվեն», - ասաց Սարգիս Խարազյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե որևէ թշնամիներ ունի:

Չնայած ոստիկանության հանդեպ անվստահությանը, Սարգիս Խարազյանը բողոք է ներկայացրել ոստիկանություն։ Գործ է հարուցվել գույքի վնասման մասով։ Ոստիկանները մեքենայի վրա արյան հետքեր են հայտնաբերել։

«Դիմել եմ ոստիկանություն, որպեսզի փաստ արձանագրվի։ Որևէ հույս չունեմ, որ կբռնեն հանցագործին, որովհետև հենց այդ օրերին էլ, «Սասնա ծռեր»-ի օրերին ոստիկանությունը ցույց տվեց, որ օրենքից դուրս է», - ասաց օպերատորը:

Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ գործով առայժմ նախաքննություն է կատարվում։

Սարգիս Խարազյանն իր շուրջ 17 տարվա օպերատորական գործունեության ընթացքում մասնակցել է Հայաստանում տեղի ունեցող գրեթե բոլոր թեժ իրադարձություններին. 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո, «Մարտի 1»-ի, Մաշտոցի պուրակի, Կոմիտաս 5-ի, Բաղրամյան 24-ի բողոքի ակցիաներին և այլն։