«ВТБ 24» բանկի նախագահի հետ հանդիպմանը վարչապետը քննարկել է ներդրումային ծրագրեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ВТБ 24» բանկի նախագահ-վարչության նախագահ Միխայիլ Զադորնովին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում բարենպաստ բիզնես միջավայր ապահովելու ուղղությամբ և ավելացրել, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործադիրն՝ ի դեմս նոր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, մտադիր է բիզնես հատվածի համար ստեղծել համապատասխան հարթակ՝ ներդրումային նոր ծրագրերի ներգրավման և իրականացման նպատակով:

Վարչապետը շեշտել է նաև, որ նախարարությունն առաջիկայում կմշակի ներդրումային ծրագրերի փաթեթ՝ տեխնիկատնտեսական հիմնավորումներով՝ արտաքին աշխարհին առաջարկելու համար:

Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ անհրաժեշտ են համարժեք արձագանքներ բիզնես հատվածի ազդակներին:

«Միխայիլ Զադորնովը նշել է, որ իր գլխավորած բանկն ունի բազմակողմ ծրագրեր և պատրաստվում է ընդլայնել գործունեությունը երկրի տնտեսության տարբեր ոլորտներում: Ընդգծելով բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման կարևորությունը՝ «ВТБ 24» բանկի նախագահը համոզմունք է հայտնել, որ կառավարությունը տնտեսության ոլորտում կցուցաբերի ավելի ճկուն մոտեցումներ՝ համահունչ ներդրողների շահերին: Միխայիլ Զադորնովն ընդգծել է, որ բանկը կդիտարկի նաև տնտեսության առանձին ճյուղերում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող լրացուցիչ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը և Միխայիլ Զադորնովն անդրադարձել են «ВТБ» բանկի գործունեությանը և քննարկել տարբեր ներդրումային ծրագրեր», - ասված է կառավարության հաղորդագրությունում: