Ստվերում գործող օլիգարխները «Հանրապետականի ոսկե հովանավորներն են»

Նաիրա Զոհրաբյան, արխիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանը չի կարողանալու պայքարել օլիգարխների դեմ և նրանց ստվերից հարկային դաշտ բերել, քանի որ այդ օլիգարխները մի քանի ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններում պետք է ապահովեն իշխող Հանրապետականի վերարտադրությունը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ ուժի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նկատենք, կառավարման մոտ երեք շաբաթների ընթացքում Կարեն Կարապետյանն արդեն հասցրել է մի շարք աղմկահարույց հայտարարություններ անել։ «Լինելու են հավասար պայմաններ, եթե մեկն ու մեկը լինի հաջողակ բիզնեսմ, մենք իրենից այդ բիզնեսը որևիցե կերպ չենք խլելու», - ասել է Կարապետյանը։ Վարչապետը նաև հայտարարել է. - «Մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք, ձեր համակարգերում այդ ամեն ինչը բերեք կարգի»։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ հանդիպմանն էլ Կարապետյանն ասել է. - «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, մենք երկիրը երկիր չենք սարքելու»։

Այս հայտարարությունները, սակայն, ընդդիմադիրներին որևէ կերպ վստահություն չեն ներշնչում:

«Իհարկե ստվեր պետք է չլինի Հայաստանի տնտեսության մեջ, ստվերը պետք է բերվի օրինական դաշտ, Հայաստանի տնտեսությունում չպետք է լինեն մոնոպոլիստներ, մեր երկրի ողջ համակարգը պետք է կոռուպցիայի մեջ թաթախված չլինի, դրանք շատ պարզ ճշմարտություններ են։ Կարվե՞ն քայլեր... անկեղծ ասած, ես լավատես չեմ», - ասաց ԲՀԿ նախագահը։

Նաիրա Զոհրաբյանը ասում է, թե հավատում է, որ Կարեն Կարապետյանի մղումները ազնիվ են, բացարձակ չի կասկածում, ավելին, վստահեցնում է՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ երկրում ինչ-որ բան փոխելու մղումները նույնպես ազնիվ են եղել, բայց Հայաստանում գործ ունենք արատավոր մի շղթայի հետ:

Զոհրաբյան. - Այդ նույն ստվերում աշխատող օլիգարխները, մենաշնորհի արքաները, նրանք բոլորը ընտրակեղծարարության ոսկե հովանավորներն են և նրանք բոլորը ընդամենը մի քանի ամիս հետո պետք է փորձեն ապահովել Հանրապետական կուսակցության վերարտադրությունը։ Եթե Հանրապետականը կամիկաձեության պատրաստ է գնալ հանուն իսկապես նրա, որ երկիրը, ես համաձայն եմ, ուղղակիորեն այլևս ապագա չի ունենալու, և դա հասկանալով իրենք պատրաստ են գնալ նրան, գիտեք, թող ես լինեմ էս երկրի վերջին հոռետեսը և վերջին վատատեսը, բայց ես նման գիտաֆանտաստիկ սցենարի ուղղակի չեմ հավատում։

«Ազատություն». - Տիկին Զոհրաբյան, Կարեն Կարապետյանի մասին դրական արտահայտվեցիք, նա Հանրապետական չէ և առանցքային նախարարություններում նշանակումներումներում կրկին հանրապետականներ չեն։ Նորից այս վիճակով անկարո՞ղ է լինելու Կարեն Կարապետյանը ինչ-որ բան փոխել։

Զոհրաբյան. - Պարտադիր չէ, որ կուսակցական զնաչոկ լինի դոշին, կրծքին՝ խաղի այս կանոններին ենթարկվելու համար։ Եթե ձեզ թվում է՝ այն հանրապետականները, որոնց կրծքին Հանրապետականի զնաչոկ է խփված իրենք ուղնուծուծով Հանրապետական են, այդպես չէ, բացարձակ կապ չունի, ինքն այս իշխանության վարչապետն է և առաջնորդվելու է բացառապես գործող իշխանության խաղի կանոններով։ Կուսակցական պատկանելիությունը բացարձակապես կապ չունի, կարող է բոլոր նախարարներն էլ անկուսակցական լինել։

«Ազատություն». - Այսինքն, Կարեն Կարապետյանը չի՞ կարողանալու դեմ գնալ օլիգարխներին։

Զոհրաբյան. - Չի կարողանալու, որովհետև, կրկնում եմ, այդ օլիգարխների առջև խնդիր է դրվելու՝ ապահովել Հանրապետական կուսակցության վերարտադրությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ էլի եմ ասում, թող ես լինեմ ամենավերջին վատատեսը, կկարողանա՞ ինքն այդ խնդիրը կարգավորել, այդ ժամանակ ես կասեմ, որ առաջին անգամ իմ քաղաքական կանխատեսումներում ես սխալվեցի։

Կառավարության նորանշանակ անդամ, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մինչդեռ հակադարձում է թերահավատ ընդդիմադիրներին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը իր հնչեցրած հանձնարարականների հետևից գնալու է:

Հովհաննիսյան. - Վարչապետը իր հնչեցրած հանձնարարականների հետևից գնալու է, և այդ հանձնարարականները, որոնք հնչեցվել են հրապարակային, դրանք ենթադրվում են նաև, այսպես ասած, ենթագործողություններ, գործողությունների շարք, որը պետք է արվի։ Գուցե, տեմպերի առումով կարելի է քննադատել, կարելի է ասել՝ չի բավարարում ու չի գոհացնում, շատ հաճախ, այո, ես էլ կարող եմ ասել, որ կարող էր ավելի լավ լինել, բայց ասել, որ ընդհանրապես ոչինչ չի կատարվում, ես, իհարկե, դրա հետ չեմ համաձայնի։

«Ազատություն». - Հնարավո՞ր է ստվերում գտնվող օլիգարխներին բերել հարկային դաշտ։

Հովհաննիսյան. - Ես համոզված եմ, որ այն բոլոր հանձնարարականները, որոնք հնչեցվել են, այն նպատակադրումները, որոնք առկա են, դրա համար կա և՛ բավարար քաղաքական կամք, և՛ բավարար գործիքակազմ այդ ամբողջն իրագործելու համար։ Ընդ որում, կարծում եմ նաև, որ թե՛ իմ կողմից, թե՛ ընդդիմության կողմից ցանկացած գնահատական փաստագրական առումով հնչեցնելը, վաղաժամ է, պետք է սպասել։ Առաջարկում եմ մի փոքր զինվել համբերությամբ, գնահատականներ հնչեցնել գոնե կատարված գործողությունների համար։

«Ազատություն». - Որովհետև փորձն է, կարծես, ոչ այնքան հուսադրող. մատնանշում են, որ Հովիկ Աբրահամյանը նույնպես եկավ և հայտարարեց, որ սկսելու է իր բարեկամներից, բայց նորից գործը տեղից չշարժվեց։

Հովհաննիսյան. - Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատականները խիստ սուբյեկտիվ են։ Ես չեմ կարող համաձայնվել, որ բացարձակ որևէ քայլ չի արվել, կարող էին ավելի լավ լինել, կարող էին ավելի արագ լինել, կարող էին ավելի արդյունավետ լինել, իհարկե կհամաձայնվեմ, դրա համար, այս առումով, պետք է սպասել և տեսնել, որ նոր կառավարությունը ինչ քայլեր կձեռնարկի, իսկ առաջին, այսպես ասենք, փորձաքարը, տվյալ դեպքում կառավարության ծրագիրն է լինելու։