Կառավարությունը այսօրվա նիստում հավանության արժանացրեց Հայաստանի 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Ֆինանսների նախարարին հանձնարարվեց անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ և ներկայացնել կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
«Մենք բավականին կոշտ բյուջե ենք նախատեսում 2017 թվականին, թվերը խոսում են դրա մասին: Մոտ 70 միլիարդ նախատեսում ենք եկամուտների աճ և մոտ 100 միլիարդ՝ ծախսերի նվազեցում: Այն բոլոր հարցադրումները, որ հնչեցնում ենք կառավարման, ծախսերի նվազեցման վերաբերյալ, շատ ակտուալ են», - հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Գործադիրը հավանություն տվեց նաև պետբյուջեում ներառվող 2017 թվականի տարեկան ծրագրերին, մասնավորապես՝ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման, Հայաստանում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության և այլն: