Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանն առաջին աշխատանքային այցով այսօր Աղավնաձոր գյուղ այցելեց, որտեղ գյուղացիներն արդեն մեկ տարի է՝ պայքարում են մթերված խաղողի գումարի համար: Գյուղնախարարը հայտարարեց, որ երեկվանից արդեն «Վեդի Ալկո» ընկերությունը, որը շուրջ 140 միլիոն դրամ է պարտք գյուղացիներին, վճարումներ է կատարում: Նախարարն ասաց, որ այս տարի չի պատրաստվում մթերող ընկերություններին խնդրել, որ գյուղացիներից խաղող գնեն, ու աղավնաձորցիներին առաջարկեց, որ խաղողի վաճառքի գինն ինջեցնեն: Գյուղացիներն ընդդիմացան:
«Ի՞նչ անի մարդը, եթե աստիճանաբար ինքնարժեքը բարձրանում է գյուղացու վրա, արհեստականորեն իջնում է գործարանատիրոջ համար: 220, 200 դրամով ընդունում էին խաղողը, տեղ չկար, ոչ մի գործարան վիզ չէր վերցնում: Հենց դարձրին 100, նույնիսկ 80 դրամ խաղողի մթերման գինը, էդ ժամանակ 500 տոննայով գործարանները ընդունեցին», - ասաց գյուղացիներից մեկը:
Նախարարը խոստացավ վերահսկողական մեխանիզմներ սահմանել: Նաև գյուղացիներին առաջարկեց փոքր տնտեսությունները միավորել ու միասին փորձել գինի արտադրել ու բիզնեսով զբաղվել:
Նախարարն այսօր հայտարարեց, որ գյուղացիները պետք է ոչ թե ճանապարհ փակեն, այլ այս լուծումից ելք փնտրեն։ «Վերամշակողը պետք է կարողանա մրցակցային գնով դուրս գա շուկա, դրա համար իրեն պետք է գյուղմթերքն էժան լինի, գյուղմթերքն էժան լինելու համար դուք պետք է մեծ աշխատանք կատարեք, ձև գտնեք այնպիսի գյուղմթերք աճեցնելու, որ ինքնարժեքը ցածր լինի։ Միջազգային փորձագետները ձեզ խորհուրդներ կտան», - հայտարարեց նախարարը։
«Ճանապարհ մի փակեք, դուք դրանով հարց չեք լուծելու։ Ես ոչ մեկին չեմ խնդրելու՝ ո՛չ գործարաններին եմ խնդրելու, որ մթերեն, ո՛չ էլ խնդրելու եմ որևիցե մեկին, որ ինչ-որ բան անի, դա բիզնես է, գործարանը կգա, կասի ես պատրաստ եմ գնել էս գնով, դուք պետք է գաք համաձայնության, ընտրություն անեք՝ խաղողը թողնեք այգում, որ փչանա՞, թե՞ ինչ-որ ելք գտնել այս վիճակում։ Այսօր պետությունում չկա այդ փողը, որ տանք ու թանկ մթերք առնենք»։
Հանդիպման ավարտին նախարարը առաջարկեց գյուղացիներին «Արենի» անունով ասոցիացիա հիմնել ու այդպիսով փորձել խնդիրների դեմ պայքարել: