Քարոզչական նվիրատվությո՞ւն... թե՞ օրինական կաշառակերություն

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր


Սույն հոդվածը հիմնականում նախատեսված է Միացյալ Նահանգներից դուրս գտնվող ընթերցողների համար, որոնք հավանաբար ծանոթ չեն քարոզչական նվիրատվության մասին ամերիկյան օրենքներին: Հետաքրքիր է, որ նույնիսկ ամերիկացիները հաճախ շփոթում են քաղաքական նվիրատվությունների վերաբերյալ սահմանափակումների բարդ կանոնները, որոնք տարբեր են տեղական, նահանգային և դաշնային ընտրությունների պարագայում:

Եկեք մանրամասն քննարկենք նվիրատվությունները՝ դաշնային ընտրությունների, ներառյալ նախագահականի համար: Մեկ անձի կողմից նախագահի թեկնածուին տրվող նվիրատվության առավելագույն չափը կազմում է 2 հազար 700 դոլար մեկ ընտրության համար: Մինչ ամերիկացիների մեծ մասը նվիրաբերում է շատ ավելի փոքր գումարներ, ոմանք օրինականորեն նվիրաբերում են տասնյակ հազարավոր կամ հարյուր հազարավոր, իսկ երբեմն էլ միլիոնավոր դոլարներ...

Մեկ անձը տարեկան կարող է նվիրաբերել 10 հազար դոլար նահանգային, շրջանային կամ տեղական կուսակցական կոմիտեին, և տարեկան 33 հազար 400 դոլար՝ ազգային կուսակցական կոմիտեին: Սակայն, անձը կարող է նվիրաբերել տարեկան 100 հազար 200 դոլար՝ ընտրությունների հետ կապված ամեն տեսակ ծախսերի համար: Կան նաև Քաղաքական գործունեության կոմիտեներ (PACs) և «սուպեր PACs», որոնք կարող են կատարել անսահմանափակ նվիրատվություններ:

ԱՄՆ նախագահի թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական թեկնածուները ներգրավված են տարբեր, կատարելապես օրինական, սակայն կասկածելի գործընթացներում, որպեսզի շրջանցեն մեկ անձի քարոզչական նվիրատվության՝ 2 հազար 700 դոլարի սահմանափակումը: Այս հարցը լուսաբանելու համար, մեջբերեմ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբից վերջերս ստացված էլեկտրոնային նամակից:

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը սեպտեմբերի 13-ին պետք է այցելեր Բևեռլի Հիլզ, Կալիֆորնիա, մասնակցելու երկու բացառիկ միջոցառումների, որոնց ընթացքում նախատեսվում էր հավաքել միլիոնավոր դոլարներ նրա նախընտրական քարոզարշավի համար: Ցավոք, նրա անսպասելի հիվանդության պատճառով այցը հետաձգվեց:

Առաջին միջոցառումը նախատեսված էր սեպտեմբերի 13-ի կեսօրին, Սեթ ՄաքՖարլեյնի տանը, Լայնել Ռիչիի հատուկ ելույթով: Էլեկտրոնային նամակով հայտարարված էր, որ յուրաքանչյուր ոք, ով նվիրաբերեր 33 հազար 400 դոլար, կունենար «ճաշի, գերադասելի նստելատեղի» և Հիլարի Քլինթոնի հետ լուսանկարվելու իրավունք: Նրանք, ովքեր նվիրաբերեին 10 հազար դոլար, կարող էին միայն «ճաշել և գերադասելի նստատեղ ունենալ» նախագահի թեկնածուի հետ՝ առանց լուսանկարվելու իրավունքի, իսկ նրանք, ովքեր նվիրաբերեին 5 հազար դոլար, կարող էին ընդամենը ճաշել նախկին առաջին տիկնոջ հետ՝ առանց գերադասելի նստատեղի և նրա հետ լուսանկարվելու իրավունքի:

Ավելի ուշ՝ նույն օրը երեկոյան, նախատեսված էր ավելի բացառիկ, այդ իսկ պատճառով ավելի թանկ դրամահավաքի միջոցառում: Նրանք, ովքեր կարող էին իրենց թույլ տալ 100 հազար դոլարի նվիրատվություն անել մեկ զույգի համար, արտոնություն կունենային մասնակցելու «զրույցի և ընթրիքի Հիլարի Ռոդհամ Քլինթոնի հետ Դայանա ֆոն Ֆյուրսթենբերգի և Բարի Դիլերի տանը»: Միջոցառումը վարելու էին «Դայանա ֆոն Ֆյուրսթենբերգը և Բարի Դիլերը, Ջեյն և Մայքլ Էյսներները, Կարեն և Ռասել Գոլդսմիթները և Էդգար Սարգսյանը»:

Հիլարի Քլինթոնի նախատեսված դրամահավաքի միջոցառումներից մեկ շաբաթ անց, նրա փոխնախագահի թեկնածու Թիմ Քեյնը երկու անգամ հանդես եկավ Հարավային Կալիֆորնիայում: Սեպտեմբերի 19-ին Բևեռլի Հիլզում Ջեյ Սուրեսի կողմից տրվեց պաշտոնական ճաշ, որը հայտարարված էր որպես «Զրույց Թիմ Քեյնի հետ»: Միայն 27 հազար դոլար նվիրաբերած անձինք կարող էին մասնակցել թեկնածուի հետ ընդունելությանը: Նրանք, ովքեր նվիրաբերեին 10 հազար դոլար, կարող էին միայն լուսանկարվել փոխնախագահի թեկնածուի հետ (առանց ընդունելության), իսկ 2 հազար 700 դոլար նվիրաբերող անձինք պարզապես կարող էին ճաշել նրա հետ՝ առանց ընդունելության և լուսանկարվելու...

Այդ օրը երեկոյան, Լոս Անջելեսում, Եվա Լոնգորիայի տանը տեղի ունեցավ ավելի թանկ, բացառիկ միջոցառում՝ հայտարարված որպես «իսպանախոս ամերիկացիները Հիլարիի համար. ճաշ Թիմ Քեյնի հետ»: Նրանք, ովքեր վճարել էին 100 հազար դոլար, իրավունք ստացան մասնակցել ընդունելությանը, ճաշել և լուսանկարվել փոխնախագահի թեկնածու Թիմ Քեյնի հետ: Նվիրատուն 33 հազար 400 դոլարի դիմաց կարող էր միայն ճաշել և լուսանկարվել, իսկ նրանք, ովքեր նվիրել էին միայն 10 հազար դոլար՝ միայն ճաշել...

Մինչ ոմանք մեծ քարոզչական նվիրատվություններ են անում՝ շփվելու քաղաքական գործիչների և հայտնի մարդկանց հետ, որոնք մասնակցում են նման դրամահավաքի միջոցառումներին, ուրիշները անձնական կամ գործարար շահեր են ակնկալում թեկնածուից, որը կարող է ընտրապայքարից հետո դառնալ Միացյալ Նահանգների նախագահ: Այս նվիրատվությունները կատարելապես օրինական են, քանի որ թեկնածուն բացահայտում է նվիրատուի անունը և ներկայացնում ստացական: Շատ երկրներում քաղաքական թեկնածուներին գումար տալը կոչվում է կաշառակերություն:

Որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ պարծենում են, որ չեն ընդունում քարոզարշավի նվիրատվություններ PACs-ից կամ ընկերություններից, ուստի իրենք պարտական չեն լինի խոշոր նվիրատուներին ընտրություններից հետո... Վերջերս էլեկտրոնային նամակում կոնգրեսական Ջոն Սարբեյնզը (դեմոկրատ՝ Մերիլենդից), հայտարարել էր, որ գումար չի վերցնելու PAC-ից, քանի որ «չի ցանկանում ճնշման ենթարկվել»: Նա ընդգծել էր, որ հավատում է այն «կառավարությանը, որն ստեղծված է ժողովրդի կողմից, ժողովրդի մասնակցությամբ և հանուն ժողովրդի»...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի