Զբոսաշրջիկները Հայաստանում իրենց ապահով ու հարմարավետ են զգում

Հայաստան - Զբոսաշրջիկները Տաթևի վանքում, արխիվ

Մագի Հոան Հայաստան հասնելու համար երկար ճանապարհ է անցել։ Սկզբում՝ Թբիլիսի, ապա արդեն՝ Երևան։ Լոնդոնում բնակվող թայլանդուհին ասում է՝ այսպես ավելի մատչելի էր, կարողացել է մի քանի հարյուր դոլար խնայել։

«Հնարավոր չէր Լոնդոնից մատչելի չվերթ գտնել: Այստեղ հասնելու միակ էժան տարբերակը Թբիլիսիով գալն էր․ Թբիլիսի, ապա գնացքով՝ Երևան», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:

Զբոսաշրջիկների խոսքով՝ թեև հարևան երկրների համեմատ Հայաստանում գները մի փոքր բարձր են, սակայն այստեղ իրենց ապահով ու հարմարավետ են զգում։

«Նախորդ անգամ Թբիլիսիում էի․ ավելի մատչելի է, հյուրանոցի համար 250 դոլար եմ վճարել։ Բայց Հայաստանում էլ գները շատ չեն տարբերվում», - ասաց Քրիսթին Կարապետյանը:

«Նորվեգիայից եմ այստեղ եկել ու շատ նմանություններ եմ տեսնում։ Նախորդ ամիսներին Իրանում էի։ Այնտեղ խցանումներ էին, խառնաշփոթ, ամենուր՝ շենքեր, այստեղ տարածություն կա, բաց է ու ազատ, խոտն ավելի կանաչ է, օդն՝ ավելի մաքուր։ Գներն են մի քիչ բարձր, բայց մատուցված ծառայությունների համեմատ վատ չեն», - նշեց Ամին Հաջը:

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ վերջին ամիսներին Հայաստան եկողների թիվն ավելացել է, թեև դեռ զիջում է Վրաստանին: Ապրեսյանը նշեց՝ իրենք փորձում են միջազգային լրատվամիջոցների միջոցով գովազդել Հայաստանը։

«Վեց ամսվա տվյալներով՝ ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 501 հազար 118, ինչը 2․4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը», - փոխանցեց Ապրեսյանը:

«Արենի» ամենամյա փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանն ասում է՝ Վրաստանը զբոսաշրջիկներին գրավելու համար ճիշտ քաղաքականություն է վարում, նաև անհամեմատ ավելի մեծ գումարներ ծախսում։ Ապրեսյանը համամիտ չէ։

«12 միլիոն դոլար էր տրամադրվում հարևան երկրին՝ իրենց պետությունն էր տրամադրում այդ բյուջեն, և 400 հազար դոլար է մեր պետությունը տրամադրում մեր տուրիզմի զարգացմանը: Եվ էն տանտիկնոջ նման, որ չկա ոչ մի բան սեղանին դնելու, բայց փորձում է շատ գեղեցիկ սեղան գցի...», - ասաց Մանուկյանը:

«Ծովին ելք ունեցող երկիր են՝ մենք ծովին ելք չունենք, մեր երկու սահմանը փակ է՝ նրանք փակ սահմաններ չունեն, սահման ունեն Ռուսաստանի հետ», - ընդգծեց Ապրեսյանը:

Կառավարության կառուցվածքային փոփոխության շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը նախատեսում է առանձնացնել տուրիզմի կառավարումը՝ այն դուրս բերելով էկոնոմիկայի նախարարության ենթակայությունից: Վարչապետի խոսքով` այնպիսի կառույց է պետք, որը պատասխանատու կլինի կոնկրետ թվերի համար․ - «Տուրիզմի համար ստեղծում ենք կոմիտե, որտեղ կոնկրետ մարդ է լինելու, որտեղ էդ կոնկրետ մարդու և այդ թիմի առաջ խնդիր է դրված լինելու՝ էս տարի էսքան տուրիստ ես բերում, հաջորդ տարի՝ այսքան զբոսաշրջիկ, և այլն, որպեսզի ինքը հասկանա և ինքը գա ասի՝ որն է մեր նեղ տեղերը, ինչն է իրեն խանգարում: Որովհետև այդ առումով մենք մեր հարևան երկրին զիջել ենք բոլոր պոզիցիաները՝ անհամեմատելի թվեր են»:

Թանկ ավիատոմսերը, քանդված ճանապարհներն ու զուգարանների բացակայությունը վանում են զբոսաշրջիկներին։ Ապրեսյանի խոսքով՝ դեռ չլուծված շատ խնդիրներ կան: Ինչ վերաբերում է կառուցվածքային փոփոխություններին ու վարչությունը կոմիտեի վերածելուն, ապա պաշտոնյան վստահեցրեց՝ պատրաստ է ցանկացած ձևաչափով աշխատել․ - «Քաղաքացիական ծառայող եմ, քաղաքացիական ծառայողները կոչված են իրականացնելու և ապահովելու քաղաքական որոշումների, ընդունված քաղաքական կուրսի արդյունավետ իրականացումը»:

Երևանի փողոցներում շրջող զբոսաշրջիկները տպավորված են Հայաստանով։ Ասում են՝ հնարավորության դեպքում կվերադառնան արևոտ երկիր։

«Ամեն ինչ սիրեցի այստեղ՝ ուտելիքը, երաժշտությունը, մարդկանց, հրապարակները։ Բրազիլիայում ենք ապրում, արդեն երեք անգամ եկել եմ, քանի որ սա իմ նախնիների հողն է, նաև իմ հողը», - ասաց Սարգիս Ֆերմանյանը:

«Չորրորդ անգամն է, քիչ մը հեռու է, եթե չէ, ամառները միշտ հոս պիտի գայինք», - նշեց Ալբեր Աճեմյանը Արգենտինայից:

«Թիո Նամալին եմ, Աֆրիկայից եմ եկել, երեկ եմ եկել, բայց արդեն նկատել եմ շինությունների գեղեցկությունը», - ասաց մեկ այլ զբոսաշրջիկ:

«Շատ հանգիստ քաղաք է, սուրճն է շատ լավը, շատ թունդ: Գեղեցիկ շենքեր կան, Երևանից դուրս էլ եմ եղել, Ղարաբաղում եղա: Այո, ուզում եմ վերադառնալ», - ասաց Ալայա Գրիսը Եգիպտոսից: