Ավազակային հարձակում Արարատի մարզում. կասկածյալը ձերբակալվել է

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նորամարգ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է, փոխանցում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Նախնական տվյալներով՝ 2016 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Արարատի մարզի Նորամարգ գյուղում գտնվող խանութներից մեկը և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել սեփականատիրոջ նկատմամբ: Մասնավորապես՝ օղու շշով հարվածել է վերջինիս գլխին, ով սկսել է բղավել, ինչից հետո տղամարդը դիմել է փախուստի», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է երեկ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ «ավազակություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ»: Նույն օրը խանութի սեփականատերը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 25-ամյա երիտասարդ, նա հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: