«Թույլ չենք տալու, որ քար նետելու համար 5-ից 10 տարով դատապարտվեն մեր հարազատները»,- «Ազատության» հետ զրույցում ասացին Սարի թաղի բնակիչներն, ովքեր այսօր առավոտյան հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել իրենց հարազատներին:
Խոսքը հուլիսի 19-ին, Սարի թաղում քաղաքացիների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների մասին է, ինչից հետո բերման էին ենթարկվել, ապա կալանավորվել Սարի թաղի շուրջ տասը բնակիչներ:
Հարազատները պնդում են, որ Սարի թաղը երեք օր շարունակ հոսանքազրկված էր, չկար անգամ խմելու ջուր ու չէր աշխատում հասարակական տրանսպորտը, նեղսրտեցին՝ տղաները սոցիալական խնդիր են բարձրացրել, նրանք «Սասնա ծռեր» զինված խմբի հետ որևէ առնչություն չեն ունեցել։
«Ես ինքս կալանավորի մայր եմ՝ Հարությունի մայրն եմ, ամբողջ Սարի թաղի գազը, հոսանքը, տրանսպորտը, ամեն ինչից մի ամբողջ թաղամաս զրկել էին՝ իբր թե մեր ժողովրդի անվտանգության համար, և այդ ձևի ապրել անհնար էր։ Տղաները դուրս էին եկել բողոքի, բայց պարզվում է, որ մեր իրավունքները ապահովել կարելի է միայն ծեծկռտուքի միջոցով, որը շատ լավ կազմակերպեցին իրավապահ օրգանները», - ասաց Նազելի Թորոսյանը։
Սարի թաղի բնակիչները նամակ հասցեագրեցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, այնուհետև պաստառներով իջան դեպի կառավարության շենք՝ հանդիպում պահանջելով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Նրանց, սակայն, ընդունեց կառավարության աշխատակազմի դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Հանդիպումն անցավ փակ դռների հետևում: Հանդիպումից հետո բնակիչներն ասացին, որ վաղն իրենք կգնան Գլխավոր դատախազության շենք։
«Գործադիր մարմինն իրավասու չէ այդ հարցերով զբաղվել, մեզ մնում է, երևի թե, մի այլ տարբերակ՝ գլխավոր դատախազությանը դիմենք, հուսանք իրենց աջակցության, անաչառության վրա, որպեսզի կարողանանք այդ հոդվածները փոխենք, համեմատական ավելի մեղմ հոդվածներով, որովհետև չի համապատասխանում տղաների արածն այսօրվա հոդվածին», - ասաց ցուցարարներից մեկը։
Հիշեցնենք, հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանները փակել էին ոստիկանության ՊՊԾ գունդ տանող ճանապարհը։ Մի քանի ժամ բանակցություններից հետո ոստիկանների ու բնակիչների միջև տեղի էր ունեցել բախումներ: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ սարիթաղցի մի խումբ երիտասարդներ, նաև՝ տարեցներ, սկզբում բանավեճի, ապա՝ քաշքշուկի մեջ են մտել ոստիկանների հետ, այնուհետև սկսել են քարերով ու տարբեր առարկաներով հարվածել նրանց:
Դեպքից հետո ոստիկանությունը հաղորդել է, որ չորս ոստիկան այդ բախումներում ստացած մարմնական տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են:
Հարազատները պնդում են՝ կալանավորված 10 սարիթաղցիներին Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով առաջադրվել է մեղադրանք՝ իշխանության ներկայացուցչի կյանքի, կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 5-ից 10-ը տարի ժամկետով:
«Ազատության» հետ զրույցում, բնակիչները պնդում են՝ այդ օրը վեճը հրահրել են ոստիկանները։ «Տեսահոլովակը, որը նրանք հիմք են ընդունել և տասը հոգու ձերբակալել են, որ նայեք, կտեսնեք, որ առաջինը զենքը նախ ոստիկաններն են հանում, որից հետո բուն կռիվն է սկսում ու որոշակի մարդիկ քարեր են նետում, դա ինքնապաշտպանական միջոց էր», - ասաց ձերբակալվածներից Հարություն Թորոսյանի քույրը՝ Լուսինե Թորոսյանը։
«Ազատության» հետ զրույցում, բնակիչները պնդում են, հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումներից տուժած տների վնասները վերականգնվել են: Սա փաստեց նաև քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետը։
«Քաղաքապետը եղավ տեղում, խոստացավ, հանձնարարականներ տրվեց, ոչ միայն Սարի թաղի, այլև որոշակի առումով, նաև Խորենացի փողոցում ասենք պատուհան, դուռ վնասված, որի վերականգնման պահով, այո, տարվել են աշխատանքներ։ Ուզում եմ անպայման նշել, որ այդ աշխատանքները տարվել են ոչ համայնքային բյուջեի միջոցների հաշվին, դրանք արվել եմ մասնավոր միջոցներով», - ասաց Արմեն Գևորգյանը։
Սա հեշտ էր՝ լուծեցին, ասացին սարիթաղցիները: Իսկ ինչ վերաբերում է իրենց հարազատներին, հույս ունեն, որ գլխավոր դատախազությունն էլ այս խնդրին ուշադրություն կդարձնի և չեն կալանավորվի նրանք 5-ից 10 տարի ժամկետով, ինչպես իրենք են պնդում, քար նետելու համար:
Սարիթաղցիները խոստանում են, եթե ազատ չարձակվեն իրենց հարազատներն, իրենք շուրջօրյա բողոքի ակցիաներ կսկսեն։