ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը «վրդովված է ռազմական գործողությունների սրացմամբ» Սիրիայի Հալեպ քաղաքում, հայտարարել է նրա խոսնակը։
«Երկու օր առաջ Սիրիայի բանակի կողմից հայտարարված գրոհից հետո լուրեր են ստացվում հրկիզող և բունկերներ պայթեցնող ռումբերի կիրառմամբ օդային հարվածների մասին», - նշել է Ստեֆան Դուջարիչը։
Սիրիացի ակտիվիստները հաղորդում են, որ Հալեպի արևելքում շարունակվող ռմբակոծությունների պատճառով առնվազն 45 մարդ է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա։
Մինչ բախումները շարունակվում են՝ Նյու Յորքում գտնվող Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալլեմը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հնչեցրած իր ելույթում հայտարարել է, որ Դամասկոսը առավել քան երբևէ վստահ է, որ հաղթանակ է տանելու «ահաբեկչության դեմ մղվող պատերազմում»։