Թեև Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված ամբողջովին փոխվել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամներ նշանակելու կարգը, սակայն նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, հին տեսքը կունենա:
Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր մոտ մեկ ժամ տևած փակ քննարկումից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեկնածուներ առաջադրեց ԿԸՀ գործող 6 անդամներին և հանձնաժողովի գործող նախագահ Տիգրան Մուկուչյանին:
Մուկուչյանի թեկնածությունը հաստատվեց ձայների 7 կողմ, 1 ձեռնպահ և 2 դեմ հարաբերակցությամբ, կողմ էին Հանրապետական (ՀՀԿ) և ՀՅ դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության պատգամավորները, դեմ էին Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ) Գագիկ Ջհանգիրյանը և «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը, ձեռնպահ էր «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցությունից Լյուվա Խաչատրյանը։
Եթե նախկինում ԿԸՀ անդամներ առաջադրելու իրավունք ունեին մարդու իրավունքների պաշտպանը, Վճռաբեկ դատարանի նախագահը, Փաստաբանների պալատի նախագահը, իսկ հանձնաժողովի անդամներին վերջնականապես նշանակում էր նախագահը, ապա նոր Ընտրական օրենսգրքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեկնածուներ առաջադրելու իրավունքը տրվել է 14 հոգանոց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամների մեկ երրորդին, ԿԸՀ անդամներին էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրելու է խորհրդարանը:
Նոր օրենքների պայմաններում ԿԸՀ հին կազմը առաջադրելու որոշում կայացրել են հանրապետականները, ասում է Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
«Առաջադրել են Հանրապետական խմբակցության մեր յոթ անդամները և երեք մեր մյուս գործընկերները միացել են մեզ, որպեսզի կարողանան նաև առաջադրեն՝ Աղվան Վարդանյանը, Լյովա Խաչատրյանը և Հովհաննես Մարգարյանը։ Ես լիահույս էի, որ կանոնակարգ օրենքով տրված հնարավորությունից կօգտվեն մեր մյուս պատգամավորները, այսինքն, մեկ երրորդի ցանկության դեպքում հանձնաժողովի անդամների, կարող էին նաև լինել ևս յոթ անդամներ, կամ այլ անդամներ։ Այս դեպքում, չօգտվեցին իրեն լիազորություններից և այլ թեկնածուներ չառաջադրեցին», - ասաց Սահակյանը։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հակադարձում է՝ օրենքում ամրագրված կանոնների պատճառով ընդդիմադիրները թեկնածու առաջադրելու հնարավորություն չեն ունեցել։ «Պարզ է, որ իրենք մեծամասնություն են կազմում, և պետք է տրվեր այդպիսի իրավունք գոնե առնվազն յուրաքանչյուր հանձնաժողովի անդամի, որպեսզի լիներ իրականում մրցակցային ընտրություններ, իսկ մենք հասկանում ենք, որ մրցակցային ընտրություններ չեն, որովհետև փաստացի հանձնաժողովի անդամները իրավունք չունեին առաջադրելու, և այդ մեկ երրորդն իրենք են կազմում, մեծամասնությունը իրենցից է կազմված» - ասաց Փոստանջյանը։
Արդյո՞ք չի խորացնի անվստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ հին կազմով նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հովհաննես Սահակյանը կարծում է՝ վերահսկողական մեխանիզմները բավարար են վստահելի ընտրություններ անցկացնելու համար։
«Հանձնաժողովին չվստահելը... կարող ենք, մեկս մյուսիս էլ չվստահել։ Կա օրենք, կան օրենքի շրջանակներում լիազորություններ, որոնցով որ շարժվում է ԿԸՀ-ն՝ և՛ ընտրատարածքային, և՛ տեղամասային։ 4+4+4 ձևաչափով ձեռք բերված նոր պայմանավորվածությունները, որոնք շուտով Ընտրական օրենսգրքում փոփոխություն կիրականացվի և կյանքի կկոչվեն, դրանք թույլ են տալիս վերահսկել և իրականացնել նորմալ, վստահելի ընտրություններ», - ասաց Սահակյանը՝ շարունակելով. - «Մեր տեսակետը հետևյալն էր, որ պետք է լինեն պրոֆեսիոնալ, էս գործի մեջ որոշակի փորձառություն ունեցող անձինք, ովքեր կկարողանան այս կարճ ժամանակահատվածում դա իրականացնել, այլապես մենք գարնանը սպասվող ամենակարևոր՝ համապետական ընտրությունները ուղղակի կտապալենք»։
Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով, ԿԸՀ նույն կազմը առաջադրելը փաստում է՝ «քաղաքական մենաշնորհը չի վերացել»: