Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր վճռեց երկու ամսով երկարաձգել հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի կալանքը:
Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու, ինչպես նաև 2015-ին Հայոց ցեղասպանության հիշատակի նախօրեին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածներով։
«Սասնա ծռեր»-ի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու քրեական գործը քննող նախաքննական մարմինը դիմումներ է ներկայացրել դատարան՝ պահանջելով երկարացնել զինված խմբի անդամների կալանքը՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է կատարել քննչական գործողություններ, և որ «Ծռերը» պետք է շարունակեն մնալ կալանավայրերում, քանի որ ազատության մեջ կխոչընդոտեն նախաքննությանը, կազդեն գործով անցնող անձանց վրա կամ էլ կթաքնվեն նախաքննական մարմնից։
«Սասնա ծռերի» պաշտպանները անհիմն են համարում նախաքննական մարմնի այս դիրքորոշումը։ - «Մեր խնդրանքը՝ հասցեագրված դատարանին, որպեսզի միջից պահանջի պարզաբանումներ՝ հասկանալու՝ ինչու այս գործողությունը մինչ այդ չի կատարել, ինչն է անհրաժեշտությունը որոշակի գործողություն կատարելու, ոչ մի հիմնավորում սրա մասին չկա», - ասաց Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյան:
Երեկ դատարանը ևս երկու ամսով երկարացրել է զինված խմբի անդամներից «Միայնակ գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանի, Պավել Մանուկյանի, Գագիկ Եղիազարյանի, Գառնիկ Հովակիմյանի, Մարտիրոս Հակոբյանի կալանքի ժամկետները։
Հիշեցնենք, ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման ընթացքում մահացել է 3 ոստիկան։ Զինված խմբի անդամների մի մասը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու մյուս մասը՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու և շենք շինություններ զավթելու հոդվածներով։