Առայժմ չի հստակեցվում, թե ով կգլխավորի քաղաքաշինության կոմիտեն

Նարեկ Սարգսյան, արխիվ

Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք Նարեկ Սարգսյանը կգլխավորի քաղաքաշինության նախարարության փոխարեն ստեղծվող նոր կոմիտեն, թե՝ ոչ:

Քաղաքաշինության նախարարությունից փոխանցեցին, որ այժմ քննարկվում են ոլորտում համակարգային փոփոխությունները:

Երեկ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կվերացվի քաղաքաշինության նախարարությունը, փոխարենը կստեղծվի Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտե:

Կառավարության կառուցվածքում այս փոփոխությունները, ըստ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի, դժվար թե փոխեն իրավիճակը:​

​«Խնդիրը նրա մեջ չի, թե ինչը վերափոխվեց, ինչը վերանվանվեց։ Ես խնդիրը տեսնում եմ նրա մեջ, որպեսզի ինչ-որ պայման ստեղծվի օրենքի գերակայություն խնդիրները ապահովելու համար, հատկապես՝ ճարտարապետության և հուշարձանների պահպանության գործում», - ասաց Քալաշյանը։

Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը, ով 2003 թվականից վավերագրում է հին Երևանը, որի շատ շենքեր արդեն հողին են հավասարվել, ով պայքարել է նաև Երևանի պատմամշակութային արժեքների պահպանության համար, ասում է՝ զգուշավորությամբ է փոփոխություններին վերաբերվում, թեև չի թաքցնում՝ քաղաքաշինության նախարարության վերացման մասին լուրն ուրախությամբ է ընդունել:

«Երեկ, որ լսեցի՝ քաղաքաշինության նախարարությունը փակվելու է և նախարարն էլ այլևս պաշտոնի չի, բավականին ուրախացա, չնայած շատ չեմ ուրախացել, քանի որ կարող է էլի մի տեղից հայտնվի։ Ելնելով իմ փորձից տասը տարի բոլորը դեմ են, որ մշակութային հուշարձանները քանդվեն, բայց ամեն ինչ թուղթ ու գրի վրա է մնում, համենայն դեպս, ռուսների ասաց կապրենք կտեսնենք», - ասաց Բիանջյանը։

Երեկ կառավարության նիստի ընթացքում Կարեն Կարապետյանն հայտարարեց՝ նոր ստեղծվող կոմիտեում կփորձեն միավորել քաղաքաշինության հետ կապված բոլոր ոլորտները, մինչդեռ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, ում պաշտոնավարման ժամանակ անդառնալիորեն վնասվեցին մի քանի պատմամշակութային արժեքներ, ընդդիմացավ՝ ճարտարապետությունն ու հուշարձանների պաշտպանությունը նույն կոմիտեում միավորել չի կարելի:

«Դա նշանակում է որ մենք լուրջ վտանգելու ենք պատմամշակութային ժառանգության պահպանությունը», - հայտարարեց Պողոսյանը։

Սաշուր Քալաշյանը, ով երկու ամիս առաջ ճանաչված այլ ճարտարապետների հետ բաց նամակով դիմել էր նախագահ Սերժ Սարգսյանին՝ հորդորելով դադարեցնել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ապամոնտաժումը, ասում է՝ վերջին տարիների ընթացքում մշակույթի նախարարությունը որևէ պատմամշակութային արժեք չկարողացավ պահպանել:

«Այս տարիների ընթացքում մշակույթի նախարարությունը ոչ մի ճարտարապետական հուշարձանի թիկունքում չկանգնեց և մեր աչքի առաջ իրար հետևից ամեն ինչ վերացավ և ոչ մի էական պատիժ որևէ մեկը չստացավ և բողոքողները ճարտարապետներն էին։ Հիմա եթե մշակույթի նախարարն այդպիսի միտք է հայտում, թե եթե գա ճարտարապետների ոլորտին միանա, ապա՝ «նրանք ագրեսիվ են, կտան կոչնչացնեն», մեղմ ասած, ուղղակի ծիծաղելի է», - ասաց Քալաշյանը։

Հայկ Բիանջյանը, ով իր ֆոտոխցիկով անհետացող Երևանի պատառիկները վավերագրելուց բացի նաև ակտիվորեն պայքարում էր պատմամշակութային արժեքները պահպանելու համար, ասում է՝ արդեն կորցրել ենք հին Երևանի զգալի մասը։

«Լավ, տասը տարի դուք ինչո՞վ էիք զբաղված՝ մշակույթի նախարար, քաղաքաշինության նախարար, հուշարձանների տարբեր կոմիտեներ... Բոլորի աչքի առաջ տասնյակ հուշարձան-շենքեր քանդվեցին, փակ շուկայի նման հրաշալի կառույցը կորցրեցինք, սև ցուցակ կա մի հատ, որ չեմ ուզում կրկնվեմ, բայց դա միայն ամբիոններից մեծ-մեծ խոսքեր ասելով չի, ես կարող եմ յուրաքանչյուր նախարարի դիմաց դնել մի այնպիսի լուսանկարների արխիվ, որ կարծում եմ, դրանից հետո առանց մեկնաբանության ուղղակի կլինի այդ ամենը», - ասաց ֆոտոլրագրողը՝ շարունակելով. - «Ուշացած է, կարծում եմ, որ ինչ-որ փոփոխություններ պետք է լինեն... Քաղաքը, ըստ իս, կորցրել է իր պատմական շերտերը և դա շատ դժվար է վերականգնել, քաղաքացին պետք է տեր կանգնի իր պատմությանը, որ պետությունն էլ հասկանա, որ քաղաքացին դեմ է, որ հերթական շենքը քանդվի։ Չի կարելի ամեն ինչ քառակուսի մետրերով վաճառել», - ասաց Բիանջյանը։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կառավարության կառուցվածքային փոփոխություններին այլ տեսանկյունից է մոտենում՝ հիշեցնելով, որ նորանշանակ վարչապետն այժմ ստեղծում է մի մարմին, որ նոր Սահմանադրության պահանջով պետք է լուծարվի ընդամենը մեկուկես տարի անց՝ 2018 թվականին։

«2018-ից կոմիտեներ և այլն պետք է չլինեն, այսինքն՝ պետք է լինեն նախարարություն, նախարարության կառուցվածք։ Կարելի է այժմվանից տնտեսությունն էլ փոխելու շրջանակներում դա էլ իրականացնել՝ կոմիտեները վերացնել, իսկ իրենք նոր կոմիտե են ստեղծում», - ասաց Խաչատրյանը։