«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանի՝ ընդդիմադիր ուժերին ուղղված կոչին՝ միավորվել ու միասնական ուժերով հաղթանակ տանել իշխող Հանրապետական կուսակցության հանդեպ, ընդդիմադիր ուժերից ոչ բոլորն էին արձագանքել:
Էդմոն Մարուքյանն առաջարկում էր Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող մյուս ուժերին ինքնաբացարկ հայտնել ի պաշտպանություն իր գլխավորած կուսակցության, պնդելով, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Վանաձորում հաղթելու ամենամեծ շանսերն ունի հենց «Լուսավոր Հայաստանը»:
«Քաղաքացիական պայմանագիրը» պատասխանել էր, թե պատրաստ է ինքնաբացարկ հայտարարել, եթե Մարուքյանը հայտարարի, որ Սերժ Սարգսյանն անձամբ պատասխանատվություն է կրում 2008-ի մարտի 1-ի ոճրագործության համար, ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ, բացի այդ՝ ողջամիտ ժամկետում Ազգային ժողովին ներկայացնի Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ:
«Բոլորս գիտենք, որ ժամանակին իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանը, դա իր նախագիծն է, և ես հայտարարել եմ, որ ցանկացած պահի այդ նախագծի տակ պատրաստ եմ ստորագրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարուքյանը, - «Բայց նախապայմանը հետևյալն է, որ պետք է դրա համար (որովհետև իրենք պայման են դնում), նրանք պետք է ինքնաբացարկ հայտնեն ի պաշտպանություն «Լուսավոր Հայաստան» կուսակցության, ինչը իրենք իրենց հայտարարության մեջ նշել են: Ժամը 6-ը լրացել է, և ինքնաբացարկ չի եղել»:
«Քաղաքացիական պայմանագրի» կողմից առաջադրված Արամ Խաչատրյանն ասում է, որ իրենց կողմից ներկայացրած երեք նախապայմաններից Մարուքյանը ոչ բոլորին է անդրադարձել․ - «Առաջին, երկրորդ հարցին ընդհանրապես չեն անդրադառնում, երրորդ հարցը՝ աղավաղում են, ասելով, որ՝ մենք կմիանանք Նիկոլ Փաշինյանի առաջարկին»:
Ընդդիմադիր մյուս ուժերի ներկայացուցիչները կոռեկտ չեն համարում Մարուքյանի այս կոչը: ՀԱԿ-ի կողմից առաջադրված Ռուբիկ Ոսկանյանն անգամ վիրավորական է համարում Մարուքյանի հայտարարությունը․ - «Ես չեմ գտնում, թե որևէ մեկը իրավունք ունի ժողովրդի փոխարեն որոշելու, թե ով է ավելի ընդունելի կամ առաջնային դերում և մենք չենք կարծում, որ նման կոչը կարող էր համախմբել: Մենք, բնականաբար, չէինք կարող այդ կոչին միանալ և ինքներս գտնում ենք, որ մենք էլ իրենց նման պայքարում ենք և մեր ծրագրերն ենք ներկայացնում, և դրա արդյունքը, բնականաբար, տալու է ժողովուրդը»:
«Համախմբում» կուսակցության կողմից առաջադրված Վահան Ղույումչյանը համոզված է, որ իրենք մեծ թվով ձայներ են ստանալու վանաձորցիներից, ուստի ինքնաբացարկ հայտնելու իմաստը չէր տեսնում․ - «Դուք պատկերացնո՞ւմ եք այս ընտրարշավի ընթացքում, երբ ժողովրդի մի մասը մեզ արդեն վստահություն է հայտնել, զանգում են, խնդրում են ավելի շատ հանդիպումներ, հեռուստաեթերներ, դիտում են, ու հանկարծ մենք դուրս գայինք ընտրապայքարից: Դա հավասարազոր է ինքնասպանության»:
Մարուքյանն ասում է՝ իրենք ռեալ հնարավորություն ունեն 40 տոկոս ձայներ ստանալու, բայց այն դեպքում, եթե պայքարեն միայն իշխանության դեմ, մինչդեռ ստիպված են լինում պայքարել նաև ընդդիմադիր ուժերի դեմ:
«Մեր դեմ Վանաձորում քարոզարշավ են իրականացնում գիշեր-ցերեկ, իրենց քարոզարշավը նվիրված է մեզ: Օրինակ՝ հենց «Քաղաքացիական պայմանագիրը»: Իրենք այստեղ ՀՀԿ-ի դեմ քարոզարշավ չեն իրականացրել: Այսինքն՝ մենք ամեն բան սպասել ենք, որ կլինի, բայց չենք սպասել, որ Հանրապետական կուսակցությունից զատ պետք է պայքարել նաև այլ ընդդիմադիր ուժերի կողմից տարածված զրպարտանքների, հերյուրանքների դեմ»:
Ի պատասխան Արամ Խաչատրյանն ասում է, թե իրենք պարզապես փաստերն են ներկայացնում․ - «Փաստերից կարող եմ նշել, որ իրեն հայտարարելով ընդդիմադիր ուժ, քվեարկել են և՛ Տիգրան Սարգսյանի բերած բյուջեի նախագծերին, և՛ Հովիկ Աբրահամյանի բյուջեին»:
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները չեն բացառում, որ հետընտրական շրջանում կհամագործակցեն միմյանց հետ: «Քաղաքացիական պայմանագիրն» էլ պատրաստ է համագործակցության, միայն համոզվելու դեպքում, որ մյուս ուժերն իսկապես ընդդիմություն են: