Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սեպտեմբերի 21-ից 23-ը Երևանում անցկացվող Համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Դանիայից, Գերմանիայից, Իսպանիայից և մի շարք այլ երկրներից:
Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, համաժողովը կազմակերպվել է Հայաստանի նախագահի աջակցությամբ գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում և նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:
Նմանատիպ միջոցառումները, նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն են ոչ միայն համախմբելու աշխարհի հայ գիտնականներին, այլև նրանց փորձն ու կապերն օգտագործելու հայազգի երիտասարդ գիտնականներին միջազգային հարթակներում պատշաճ ներկայացնելու և գիտության զարգացման ժամանակակից միտումներին հաղորդակից դարձնելու համար:
Սերժ Սարգսյանը պատասխանել է գիտնականներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել կրթության և գիտության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, դրանց շրջանակներում հատկապես երիտասարդ գիտնականներին խրախուսման, նրանց գործունեության օժանդակմանն ուղղված ծրագրերը:
Հայազգի գիտնականները Հանրապետության նախագահի հետ մտքեր են փոխանակել Հայաստանում գիտության և կրթության զարգացման խթանման նպատակով համատեղ հետագա համագործակցության շուրջ: