Անդրիաս Ղուկասյանի կալանքը կարող է կրկին երկարացվել

«Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքը ևս երկու ամսով կարող է երկարացվել, քննիչն այս միջնորդությամբ այսօր դիմել է դատարան:

«Բնականաբար, ես առարկել եմ, նշելով, որ իրականության չեն համապատասխանում տվյալ որոշման մեջ Անդրիաս Ղուկասյանին վերագրվող արարքները, ամփոփեցի նրանով, որ դա նման է Գյուլնազ տատի հեքիաթներին», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Ղուկասյանի փաստաբանը՝ Կարեն Մեժլումյանը:

Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության գնդի տարածքը գրավելու օրերին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Նա կալանավորվել է հուլիս 30-ին, դատարանն արդեն երկու անգամ մերժել է նրա խափանման միջոցը փոփոխելու՝ փաստաբանի միջնորդությունը:

Կարեն Մեժլումյանի խոսքով, երկու ամսով կալանքը երկարաձգելու՝ այսօրվա դիմումի մեջ քննիչը կրկին նշել է, թե ազատության մեջ Անդրիասը կարող է փախուստի դիմել կամ ճնշում գործադրել նախաքննության վրա:

Արդեն մեկուկես ամիս է՝ Անդրիաս Ղուկասյանը զրկված է նաև ընտանիքի անդամներին տեսակցելու իրավունքից: Փաստաբանի պնդմամբ, կալանավորումից ի վեր քննչական գործողություն գրեթե չի իրականացվում:

Անդրիաս Ղուկասյանի հետ 2 ամսով կալանավորված կարող է մնալ նաև «Ոտքի Հայաստան» նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Դավիթ Հովհաննիսյանը: Արաբկիրի դատարանը վաղը կքննի նաև այս միջնորդությունը: Հարազատները Հովհաննիսյանին ազատ արձակելու պահանջով մի խումբ մտավորականների անունից դիմել են նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Դավիթ Հովհաննիսյանը մեղադրվում է Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ: Մեղադրանքի հիմքում միայն ոստիկանական ցուցմունքներն են: Ակտիվիստի կինը՝ Դիանա Եղիազարյանը, պնդում է՝ ամուսինը անկարգության չի մասնակցել: - «Դա շինծու հոդված է», - պնդում է նա:

Ի տարբերություն Ղուկասյանի ու Հովհաննիսյանի, Սարի թաղի զանգվածային անկարգությունների գործով կալանավորված «Ժառանգություն» կուսակցության անդամները ազատ են արձակվել, օրեր առաջ փոփոխվեց նաև այս գործով անցնող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վահագն Ղումաշյանի խափանման միջոցը: