Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ է առաջարկում:
Ըստ կառավարության նիստում ներկայացված օրինագծի, վերացվելու է քաղաքաշինության նախարարությունը՝ այն կդառնա կոմիտե, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կվերանվանվի ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն:
«Եվ այդ օղակը լինելու է այն օղակը, որը գործարարի ձեռքը բռնած անցնելու է, որպեսզի իրեն խոչընդոտ չստեղծվի», - նշեց Կարապետյանը:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը անհամաձայնություն հայտնեց։ - «Որպես էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար ինձ ցանկալի չէ էկոնոմիկա արտահայտությունը հանելը, առավել ևս, երբ էկոնոմիկան ես պատկերացնում եմ շատ ավելի լայն, քան միայն ներդրումներն են, կամ ձեռնարկատիրության աջակցությունը», - ասաց Մինասյանը:
Վարչապետը, սակայն, պնդեց իր տեսակետը․ - «Պարոն Մինասյան, ինչ վերաբերում է էկոնոմիկա բառին, մենք ռեալ բառն ենք հանում, էկոնոմիկան չենք հանում»:
Բանավեճ ծագեց նաև մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի հետ, այն բանից հետո, երբ Կարեն Կարապետյանը հայտնեց՝ վերացվող քաղաքաշինության նախարարության փոխարեն կստեղծվի Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտե: Հասմիկ Պողոսյանը, ում պաշտոնավարման ժամանակ լրջորեն վնասվեցին մի քանի պատմամշակութային արժեքներ, օրինակ՝ Փակ շուկան, Աֆրիկյանների շենքը, առարկեց․ - «Իմ կարծիքով, քաղաքաշինության խնդիրները դնել մի տրամաբանության, մի կառույցի մեջ հուշարձանների պահպանության ոլորտի հետ, դա նշանակում է, որ մենք լուրջ վտանգել ենք պատմամշակութային ժառանգության պահպանությունը: Ես խնդրում եմ, որպեսզի ևս մեկ անգամ այս հարցը լրջագույնս քննարկվի»:
Ըստ Կարեն Կարապետյանի, որպես առանձին կոմիտե կառանձնացվի նաև տուրիզմի ոլորտը: «Հարևան վրաստանից հետ ենք մնում», - հայտարարեց վարչապետը:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը վարչապետին հիշեցրեց, որ ընդամենը մեկուկես տարի անց, երբ ուժի մեջ մտնեն նոր սահմանադրության համապատասխան գլուխները, կոմիտեները ընդհանրապես պետք է վերացվեն:
«Ինքը մեկուկես տարի էլ աշխատի, արդյունք տա, երբ որ կունենանք ծրագիր, ըստ դրա կառուցվածքը հաշվի կառնենք, այն սահմանափակումները, որ տալիս է սահմանադրությունը», - պատասխանեց Կարապետյանը:
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև վերանվանել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, այն դարձնելով էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, դրանում ներառելով նաև ջրային ռեսուրսները, որն այժմ դեռ գյուղնախարարության ենթակայության տակ են:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը էկոնոմիկայի նախարարությունից կփոխանցվի տրանսպորտի և կապի նախարարությանը: Նույն նախարարության կազմ կմտնի նաև ավիացիան:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է՝ անունները փոխելու փոխարեն կառավարությունը պետք է փոխի խաղի կանոնները, հավասար պայմաններ ապահովի բոլորի համար:
«Դեռևս չեմ տեսնում այն կամքը, որը ինձ կհամոզի, որ իսկապես նոր կառավարությունը փորձում է խաղի կանոնները փոխել: Որովհետև առաջին հերթին դա ինձ համար կնշանակեր շատ տեսանելի փոփոխություններ գործարար կյանքում, նույն մաքսային ծառայությունների աշխատանքային ոճում, այլ հանրային ծառայություններ իրականացնող պետական հիմնարկների աշխատանքային ոճում», - «Ազատության» հետ զրույցում նշեց Խաչատրյանը:
Կառավարությունում այս փոփոխությունները հիմնականում քարոզչական բնույթի է համարում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը․ - «Ստեղծված իրավիճակում, որպես նոր վարչապետ, հասկանալիորեն քարոզչական քայլերի անհրաժեշտություն կա: Գոնե այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ որ արագ փոփոխություն հնարավոր է, ասենք՝ անվանում փոխել կամ ինչ-որ հայտարարություններ անել, այդ քայլերը չեն ուշանում»: