Հայաստանի անկախության 25-ամյակի միջոցառումների շրջանակներում երեկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից Միացյալ Նահանգների Կոնգրեսում կազմակերպվել էր ընդունելություն՝ նվիրված հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների զարգացմանն ուղղված Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների 25 տարիների գործունեությանը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիըրը, փոխնախագահներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Թրոթը, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Աննա Իշյուն, Ջիմ Քոսթան, Ջուդի Չուն, Ամերիկայի Հայ դատի գրասենյակի, Ամերիկայի հայկական համագումարի անդամներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:
Ելույթներով են հանդես եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիըրը, Դեյվիդ Թրոթը, Ադամ Շիֆը, Ջուդի Չուն, Էդ Ռոյսը, Ջիմ Քոսթան, Բրեդ Շերմանը:
Դեսպանը երախտագիտություն է հայտնել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներին տարիներ շարունակ երկու պետությունների ու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Հանձնախմբի համանախագահները Գրիգոր Հովհաննիսյանին են հանձնել Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձը: